Ի՞նչ միջոցներով է ԱԺ-ն նոր մեքենաներ ձեռք բերել
«Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» դասի ծախսերը 2014թ. կազմել են 17.7 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրի 96.9%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 22.7%-ով: Այս մասին այսօր Աժ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա՝ անցած տարի ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պահպանման համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 99.9%-ով` կազմելով շուրջ 3.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 27%-ով:
Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանմանը տրամադրվել է 8.8 մլրդ դրամ` կազմելով ծրագրի 98.7%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 26.5%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է աշխատանքի վարձատրության աճով և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:
Վարչական օբյեկտների շինարարությանը տրամադրվել է շուրջ 40 մլն դրամ` կազմելով նախատեսվածի 99.5%-ը:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ մեքենա է ձեռք բերվել անցած տարի ԱԺ աշխատակազմի համար: Հ.Թովմասյանը ասաց, թե ոչ մի մեքենա էլ ձեռք չի բերվել: «Խոսքը գնում է հիմա նոր «Նիսան» ջիպ մեքենաների մասին, որ ձեռք է բերվել ԱԺ նախագահին ուղեկցող անձնակազմի համար: Ավելին՝ ուրիշ մեքենաներ էլ են ձեռք բերվել»,- պնդեց Է. Մարուքյանը՝ հայտարարելով, որ նման ծանր վիճակում գտնվող երկրի պաշտոնատար անձինք չպետք է նման շռայլ ծախսեր անեն:
Ըստ նրա՝ ամեն բյուջեի քննարկման ժամանակ ասում են՝ չկա նոր մեքենա, բայց ամեն տարի նորերը հայտնվում են: Հ.Թովմասյանը նշեց, թե այս տարվա տվյալներն իր ձեռքի տակ չունի. «Դուք ասում եք 2014թ. համար, ես ասում եմ՝ մեքենա ձեռք չի բերվել: Բյուջեն դուք եք հաստատել: Չէր կարող չնախատեսված ծախս լինել: Շահագործման ժամկետից հետո հների վրա ծախսը կարող է ավելին լինել, քան նոր ձեռք բերված մեքենաները»:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ հանուն արդարության պետք է նշել, որ ծախսերի տեսանելիությունն ավելացել է: Սակայն, ըստ նրա, մեկ միլիոն աղքատ բնակչություն ունեցող երկրում ֆասադների վերանորոգումը տեղին չէ: Տ.Ուրիխանյանի խոսքով՝ անգամ ԱԺ աշխատակազմում աշխատողներ կան, որ տարրական սեղան չունեն: «Որևէ ֆասադ չի վերանորոգվել, աստիճաններն են վերանորոգվել, որ որևէ աշխատող կարող էր ոտքը կոտրել»,- հակադարձեց Հ.Թովմասյանը: