«Հակագրոհը չի լինելու շատ ուշ, այն լինելու է այս տարի». Գարեգին Չուգասզյան

«Ապրիլյան դեպքերը պետք է տեղավորել ավելի լայն համատեքստի մեջ, և այդ համատեքստը սկսվում է ձեզ հայտնի սեպտեմբերի 3-ից, երբ ռեժիմի պարագլուխը հայտարարեց, որ Հայաստանը եվրասիական տնտեսական միություն է մտնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:

Նրա խոսքով՝ իրենց չհաջողվեց ռեժիմին ծնկի բերել, բայց նաև ռեժիմին չհաջողվեց իրենց ծնկի բերել: Նա կարծում է՝ սա սկիզբ է, և «ամենակարևոր» արդյունքն այն է, որ «ռեժիմը ցույց տվեց, թե ինչից է ինքը վախենում. նա վախենում է քաղաքացիական զանգվածային անհնազանդությունից». «Այսինքն՝ ինքը մեզ ցույց է տալիս իր հեռացման ճանապարհը»:

Գ. Չուգասզյանը նաև կարծում է՝ ռեժիմն արտաքին և ներքին անկայունության մեջ է գտնվում: Ըստ նրա՝ այս պարագայում «ռեժիմը չունի այն ռեսուրսը, որ դառնա Հյուսիսային Կորեայի նման ավտորիտար երկիր»:

Նա տեղեկացրեց, որ ռազմավարական փոփոխություն իրենց շարժումը չի ունենալու. «2 փուլանի նոր մարտավարություն ենք որդեգրել, որոնց մասին կխոսենք ամսի 30-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ: Հակագրոհի պահի մասին մենք առանձին ասելու ենք՝ թե երբ է եկել այդ հակագրոհի պահը, սակայն դա չի լինելու շատ ուշ, որովհետև մենք կարծում ենք՝ մեր երկիրը ժամանակ չունի, դա լինելու է այս տարվա մեջ»:

Կարդացեք նաև

Նա նաև նշեց, որ իրենք նաև պետք է քաղաքական կոնսուլտացիաների գնան բոլոր այն ընդիմադիր ուժերի հետ, որոնք իրենց պաշտպանեցին իրենց ազատազրկման ընթացքում. «Բոլոր այն ուժերի հետ, որոնք սկսում են գիտակցել, որ մենք այսպես երկիր ենք կորցնում: Կոնսոլիդացիան նաև նշանակում է՝ կոչ համակարգի ներսում գտնվող ուժերին, որովհետև մենք, այս ընթացքում շփվելով պատժիչ համակարգի հետ, համոզվեցինք՝ ինչքան համակիրներ ունենք այդ համակարգի ներսում: Մեր կոչն ուղղված է լինելու ոչ միայն ընդդիմության մեջ գտնվող մարդկանց, այլև այն բոլոր մարդկանց, որոնք հասկանում են, որ փոփոխություններն անխուսափելի են»:

Հարցին՝ ինչո՞ւ չունեիք պահեստային տարբերակ, երբ ձեզ ազատազրկեցին, Գ. Չուգասզյանը պատասխանեց, որ պահեստային տարբերակն առաջնորդներին ազատելն էր:

Հարցին էլ՝ քաղաքապետարանն արտոնե՞լ է ձեր հանրահավաքը, Գ. Չուգասզյանը պատասխանեց, որ քաղաքապետարանն ի գիտություն է համարել իրենց իրազեկումը:

 

Տեսանյութեր

Լրահոս