20 միլիարդ դրամի էֆեկտ՝ վարչապետ-գործարարներ հանդիպման արդյունքում
«Բավականին լուրջ արդյունքներ ունեցանք: Դա անընդհատ պրոցես է: Եթե չեմ սխալվում՝ 20 մլրդի դրամի էֆեկտ ունեցանք առաջին 3 ամսում ու հիմա շարունակում ենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե մեկ տարի առաջ ՀՀ վարչապետի հրավիրած գործարարների հավաքից հետո, որը նվիրված էր ստվերից դուրս գալու խնդին, ի՞նչ արդյունքներ կան:
Ըստ նրա՝ հիմա լուրջ անհանգստություն կա այն ձեռնարկությունների մասով, որոնք իրենց դաշտում չեն գործում. օրինակ՝ ԱԱՀ վճարող պետք է լինեն, բայց շրջանառության հարկի դաշտում են գործում. «Մեր մեծ խնդիրը դա է: Այդ գործընթացում ունենք բարդություններ: Երկրները տարիներ շարունակ են աշխատում, որ արդյունք ունենան»:
Մեր հարցին, թե կա՞ արդյոք տվյալ, թե ներկայումս քանի՞ տոկոս է ստվերը, նախարարը պատասխանեց, թե շատ դժվար գործ է ստվերը հաշվելը. «Դա լուրջ մեթոդիկա է, մոտավոր գիտենք՝ որտեղ, ոնց, բայց ամբողջ հանրապետության մասով՝ ոչ: Համաշխարհային բանկի մասնագետներն են ուսումնասիրում: Մարդիկ 60-70-80% են ասում, ուզում են ավելի հնչեղ լինի, ասում են 85%… մի հավատացեք»:
Նա վստահեցրեց, որ հետևողական են աշխատում, բայց որևէ խոշոր օլիգարխի անուն չնշեց: Փոխարենը՝ Գ.Խաչատրյանը առաջաջարկեց ասել որևէ ձեռնարկության անուն, և ֆինանսների նախարարությունը կասի, թե ինչ իրավիճակ է այդ ձեռնարկությունում: