Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում ստուգումների հետ կապված հարկավոր է շատ զգուշավոր լինել. Գագիկ Խաչատրյան
Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում ստուգումների հետ կապված հարկավոր է շատ զգուշավոր լինել: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Ըստ նրա՝ ստուգումները զուտ միայն ֆինանսահաշվային չեն, այլ ընթացիկ ստուգումների շարք կա, որ շարունակական են:
«Չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ դրամարկղային մեքենաներ… Այնպես չէ, որ միայն ֆինանսային ստուգումներն արեցինք ու վերջ: Այսինքն՝ այդտեղ պետք է շատ զգուշավոր լինենք: Կներկայացնենք ՀՀ վարչապետին, կհրապարակի, կիմանաք: Կան տվյալներ, բաց դրանք շարունակական են, հիմնավորումներ են պետք, քննարկման փուլում ենք նաև իրենց ներկայացուցիչների հետ»,- ասաց Գ.Խաչատրյանը: Նա հրաժարվեց նախնական գնահատական տալ արդեն ձեռքի տակ եղած արդյունքների հիման վրա և խորհուրդ տվեց չշտապել, երբ լինեն տվյալները կհրապարակեն:
168.am-ի հարցին, թե ԱԺ-ում էլ Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հետ կապված ուսումնիսիրություն սկսվեց, հետո լռության մատնվեց, հնարավո՞ր է, որ հարկային ստուգումների հետ կապված էլ նույնը լինի, Գ.Խաչատրյանը պատասխանեց. «Այս տարիների ընթացքում երբևիցե դուք նկատած չեք լինի, որ հարկային մարմինը որևիցե ավելորդ կամ պակաս վերլուծություն անի ցանկացած՝ կլինի քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա, Դուք երբևիցե լսե՞լ եք: Մենք բազմաթիվ գործեր ունենք, որ գանգատարկման հանձնաժողովում քննարկվում են, և 60-70%-ն ի օգուտ բիզնեսի է դուրս գալիս: Մասնավորապես՝ դատարաններում գործեր ունենք: Քարացած չի, ինչի՞ եք էդպես մտածում: Կհրապարակվի, կտեսնեք: Ակնկալիքն այնպիսին է, որ պետք է շատ մեծ աղմկահարույց արդյունքներ լինեն: Ինչ կլինի, այն էլ կհրապարակենք»: