«Թատերականացված հարձակում» Սուրիկ Խաչատրյանի վրա իր իսկ կողմի՞ց
Ինչպես հայտնի է, երեկ անհայտ անձինք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա 10-ից ավելի կրակոց են արձակել, սակայն ո՛չ Սյունիքի մարզպետը ո՛չ էլ ավտոմեքենայում գտնվող անձանցից որևէ մեկը չեն տուժել: Հիշեցնենք, որ ավտոմեքենայում դեպքի ժամանակ եղել են վարորդը, Սուրիկ Խաչատրյանն ու նրա օգնականը:
168.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատեց, որ այն պատմությունները, որոնց մեջ ընդգրկված են եղել Սուրիկ Խաչատրյանը և իր ընտանիքի անդամները, իրենց էությամբ «քրեական» էին և առնչվում էին տարբեր քաղաքացիների, որոնք ստացել էին տարբեր վնասվածքներ, ընդհուպ՝ մինչև մահացության ելքով:
Նրա խոսքով՝ այդ բոլոր պատմություններից հետո Սուրիկ Խաչատրյանը շարունակում էր մնալ՝ որպես մարզպետ, որպես պաշտոնատար անձ, և «անթաքույց հովանավորությունն էր ունենում քաղաքական ղեկավարության և անձամբ Սերժ Սարգսյանի կողմից՝ չարժանանալով պատշաճ պատասխանատվության՝ թե՛ ինքը, թե՛ իր մերձավորներ»:
Նա հիշեցրեց, որ Գորիսի նախկին քաղաքապետը Ս. Խաչատրյանի կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ էր ներկայացրել իրավապահ մարմիններին, որոնց ուղղությամբ այդպես էլ պատշաճ քննություն չի իրականացվել: «Այնպես որ, վերջին միջոցը՝ անպատժելիության դեմն առնելու, այդ պրոցեսը կասեցնելու, որն ուղղակի հանդիսանում էր իշխանության և իրավապահ մարմինների պարտականությունը, մնում էր միայն վրեժխնդրությունը:
Արդյոք տվյալ դեպքում այդ կրակոցները հնարավո՞ր է, որ կատարվել են անձի կողմից, որը տուժել է Սուրիկ Խաչատրյանի կամ նրա ընտանիքի անդամների գործողություններից: Ես դժվարանում եմ ասել, ավելի հակված եմ, որ դա թատերականացված ներկայացում է, որի օգտին խոսում է Սուրիկ Խաչատրյանի թիկնապահի՝ վնասվածքներ չստանալու հանգամանքը»,- ասաց իրավապաշտպանը:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ դա ոչ թե մահափորձ, այլ ընդամենը վախի մթնոլորտ ստեղծելու փո՞րձ է եղել, Ա. Սաքունցը պատասխանեց, որ, երբ իշխանության կրողը գտնվում է անօրինականության դաշտում՝ իր հերթական գործողություններին օրինականության տեսք տալու համար, կատարում է մի այդպիսի հարձակում կամ գործողություն, որով հիմնավորում է իր լայնածավալ ճնշումները և ահաբեկչական գործողությունները քաղաքացիների նկատմամբ. «Նպատակը՝ ակնհայտ վերջին իրադարձությունից հանրության ուշադրության շեղումն է»:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ դուք հակված եք մտածելու, որ հենց իրե՞նք են կազմակերպել այդ հարձակումը, իրավապաշտպանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ինքը կազմակերպված բնույթ ունի, և կարծում եմ, որ առնվազն կասկածելի է, որ 10 կրակոց եղել է, և գոնե մեկ քերծվածք չկար: Դա հիմք է տալիս ինձ մտածելու, որ դա կազմակերպված ակցիա էր, հիմա թե Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ, թե անմիջականորեն՝ իր հրահանգով են կրակել, չենք կարող ասել»:
Հարցին էլ՝ հավանական չե՞ք համարում, որ դա, կարող է, վրեժխնդրություն է եղել ինչ-որ մեկի կողմից, Ա. Սաքունցն այսպես պատասխանեց. «Այն, որ Սուրիկ Խաչատրյանը գիտակցում է, որ իր հետ կապված հարցերը միայն ու միայն կարող են լուծվել ուժի միջոցով, դա փաստ է, որովհետև իշխանության կողմից կամ իրավապահ մարմինների կողմից այն գործողությունները, որոնցից ինքը կարող էր վտանգ ակնկալել, դրանք չեզոքացված են, և այդ մտայնությունը որ կա, թե նման բան կարող էր լինել, հենց դրա հիման վրա ինքը կարող էր կազմակերպել նման ակցիա՝ ցույց տալու համար, որ իրապես հանրությունն ուզում է իրենից վրեժխնդիր լինել: Որովհետև Գորիսում եթե նման մեթոդի կիրառման համար լինեին համապատասխան մարդիկ կամ հնարավորություններ՝ դա վաղուց կարվեր, հենց, օրինակ, Բուդաղյանները, ի՞նչ է, զենք չունե՞ն: Այնպես որ, դա ավելի շատ թատերական ներկայացում է, սա իմ վարկածն է»:
Ա. Սաքունցը գտնում է, որ իրավապահ մարմինները հենց իրենք պետք է անպայման բացահայտեն այս հանցագործությունը, չբացահայտելու դեպքում՝ այն «միանշաակ հիմնավորվելու է, որ դա թատերականացված բեմադրություն էր». «Իսկ եթե հանկարծ ինչ-որ մեկին կգտնեն՝ որպես քավության նոխազ օգտագործելու, որը կասի՝ այո, ես եմ կրակել և այլն, ինչ-որ անհեթեթ հիմնավորումներով, դա ևս կապացուցի, որ կազմակերպված էր հենց իրենց կողմից»:
Նկատենք, որ նման դեպքեր շատ են եղել, երբ իրավապահ մարմիններն այդպես էլ չեն բացահայտել հանցագործությունները: Օրինակ, ԲՀԿ-ական ակտիվիստին էին առևանգել և ծեծի ենթարկել, ու այդ դեպքն այդպես էլ չբացահայտվեց: Մեր հարցին՝ ի՞նչ է, այդ դեպքերն է՞լ էին «թատերականացված ներկայացումներ», Ա. Սաքունցն այսպես պատասխանեց.
«Լոռու մարզում էլ մենք ունենք առնվազն 10-ից ավելի չբացահայտված սպանություն, մասնավորապես՝ նաև Լոռու մարզի դատախազի սպանությունը: Նշանակում է, որ այդ չբացահայտված սպանությունների մեջ ակնհայտ է, որ իշխանության շահագրգռվածությունը կա»: