Բաժիններ՝

Հայաստանը կարևորում է Հայաստան-Հարավաֆրիկյան Հանրապետության հետ համագործակցությունը

Մայիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնին:

Ողջունելով հյուրին, Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է աֆրիկյան տարածաշրջանի երկրների, մասնավորապես Հարավաֆրիկյան Հանրապետության հետ գործակցությունը, և այն Հայաստանի համար անվանել է հեռանկարային` հաշվի առնելով, որ ՀԱՀ առևտրային ռեժիմների, օրենսդրության և գործարարներին առաջարկվող պայմանների տեսանկյունից աֆրիկյան ամենալիբերալ երկրներից է:

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առանձնահատկություններն ու առավելությունները, արտաքին առևտրի բարենպաստ պայմանները, խոսել Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության և սփյուռքի հնարավորությունների մասին: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է գիտելիքահեն տնտեսություն կառուցելու քաղաքականությունը, ընդգծել մեր երկրում մարդկային ներուժի հնարավորությունները: Նշելով, որ Հայաստանում զարգացում են ապրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, վերամշակող արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, զբոսաշրջությունը, Կարեն Ճշմարիտյանը հավելել է, որ նշված բնագավառներում հնարավոր է ծավալել երկկողմ համագործակցություն: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն նա առանձնացրել է ոսկերչության բնագավառը` շեշտելով սակայն, որ հարկավոր է ուսումնասիրել համագործակցության այլ ուղղություններ ևս:

Դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին հակիրճ ներկայացրել է ՀԱՀ ընդհանուր տնտեսական պատկերը, առևտրային քաղաքականության հիմնական ուղղությունները: Նա նշել է, որ ՀԱՀ ԵՄ հետ ունի ազատ առևտրի ռեժիմ, նաև աֆրիկյան երկրների մաքսային միության անդամ է, ներկայացված է աշխարհի խոշոր շուկաներում (ԱՄՆ, Չինաստան, ԵՄ) և ներկայումս ցանկանում է ընդլայնվել ԱՊՀ շուկայում: Դեսպանի խոսքերով, Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայումս հանդիսանում է մեծ և արագ աճող շուկա, ունի զարգացած հանքարդյունաբերություն, ոսկերչություն և գինեգործություն, լավ զարգացած ենթակառուցվածքներ:

Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու և զարգացնելու համար դեսպանը կարևորել է գործարարների միջև ուղղակի շփումները և պատրաստակամություն հայտնել աջակցելու փոխադարձ գործարար այցելություններ կազմակերպելու հարցում:

Որպես համագործակցության սկիզբ, Կարեն Ճշմարիտյանն առաջարկել է ՀԱՀ գործարարների համար կազմակերպել Հայաստանի տնտեսության վերաբերյալ շնորհանդես, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել երկկողմ համագործակցության վերաբերյալ միջկառավարական կամ միջգերատեսչական մակարդակով համաձայնագրի պատրաստման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս