Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկանք է ներկայացրել ՀՀ արտաքին առևտրի ցուցանիշների վերաբերյալ
Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված վիճակագրական տվյալների, 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 28.5 %-ով և կազմել 945.1 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում` արտահանումը նվազել է 23.1 %-ով և կազմել` 267.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը նվազել է 30.5%-ով` կազմելով 677.5 մլն ԱՄՆ դոլար:
2015 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճ է նկատվել Հայաստանի Հանրապետությունից մի շարք ԵՄ երկրներ, մասնավորապես` Ավստրիա 50.7%-ով` կազմելով 0.56 մլն ԱՄՆ դոլար, Հունաստան 31.3 անգամ` կազմելով 0.44 մլն ԱՄՆ դոլար, Իտալիա 31.6%-ով` կազմելով 9.55 մլն ԱՄն դոլար, Միացյալ Թագավորություն 5.7անգամ` կազմելով 1.28 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիա 22.6 անգամ` կազմելով 0.24 մլն ԱՄՆ դոլար:
2015 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանման աճ է նկատվել նաև մի շարք այլ երկրների մասով, մասնավորապես` Ճապոնիա` 35.2 անգամ` կազմելով 3.33 մլն ԱՄՆ դոլար, Վրաստան` 26.8%-ով` կազմելով 23.1 ԱՄՆ դոլար, Իրաք` 42.9 %-ով` կազմելով 28.3 մլն ԱՄՆ դոլար:
Հարկ է նշել, որ 2015 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, որոնք հետագայում ենթակա են ճշգրտման:
Տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի` դեռևս ոչ բոլոր ռեսպոդենտների կողմից մաքսային մարմիններին ներկայացման հետ, քանի որ դրանց ներկայացման էլեկտրոնային համակարգը դեռևս ամբողջապես գործարկված չէ:
Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի մասին պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորումն իրականացվում է ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևում արտացոլված տվյալների հիման վրա: Անկախ ապրանքներ տեղափոխող տրանսպորտի տեսակից` վիճակագրական ձևը լրացվում է բոլոր ապրանքների համար` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձի կողմից, ով կնքել է գործարքը, կամ ում անունից (հանձնարարությամբ) կնքվել է այդ գործարքը, կամ ով ունի ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք: Վիճակագրական ձևը ներկայացվում է դիմողի մաքսային ձևակերպումների իրականացման վայրի մաքսային մարմին ոչ ուշ, քան ապրանքների առաքման (ստացման) ամսվան հաջորդող ամսվա 10-ը: Վիճակագրական ձևը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով: Սակայն վերոնշյալ էլեկտրոնային համակարգը Հայաստանի Հանրապետությունում սկսել է գործարկվել 2015 թվականի ապրիլի վերջին:
Նշենք նաև, որ 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսների համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել է մոնիթորինգ` արդյունաբերության ոլորտների մի շարք ընկերությունների արտահանման ցուցանիշների մասով: Համաձայն նշված օպերատիվ տվյալների` ոլորտների ընկերությունների կողմից ընդհանուր արտահանվել է շուրջ 303.2 ԱՄՆ դոլարի արտադրանք, այդ թվում` ԱՊՀ երկրներ արտահանվել է 28.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն