Հասկանալի չէ, թե ինչու է ամենամեծ տարածքն ունեցող Ռուսաստանն զգում ևս մի քանի քառակուսի մետրի կարիք. Մարգվելաշվիլի

Business Insider-ի փոխանցմամբ` հետխորհրդային երկրներ Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան գնալով ավելի շատ են հեռանում Ռուսաստանի ուղեծրից, որովհետև ռուսական արժեքները օտար են հարևան երկրների համար:

Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նրա խոսքերով` Ռուսաստանն իր երկրի դեմ պատերազմ է սանձազերծել 2008 թվականին, որովհետև չի կարողացել առաջարկել Արևմուտքին ինտեգրվելու այլընտրանք:

Մարգվելաշվիլին, հիշեցնելով նախորդ տարի Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում ներկայիս պատերազմի մասին, հայտարարել է, որ պարզվում է, որ աշխարհի ամենամեծ տարածքով երկրին անհրաժեշտ է ևս մի քանի քառակուսի մետր.

«Ռուսաստանը որևէ հետաքրքիր բան չի կարող առաջարկել իր հարևաններին: Կան բազմաթիվ հետաքրքիր եվրոպական շուկաներ, բազմաթիվ հնարավորություններ: Արժեքները, որոնց վրա հենված է ռուսական քաղաքական համակարգը, օտար են մեզ համար:

Դրանք մեզ համար օտարոտի են եղել անգամ այն ժամանակ, երբ մենք հանդիսացել ենք ԽՍՀՄ-ի մասնիկը»: Մարգվելաշվիլին բացատրել է, թե ինչու Վրաստանը չի հրաժարվում ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից, իսկ այս շաբաթ էլ անցկացրել է վրաց-ամերիկյան համատեղ վարժանքներ:

Մարգվելաշվիլին հայտարարել է, որ չի վստահում տարածաշրջանում անվտանգության մասին Ռուսաստանի խոսքերին և հիշեցրել է 1994 թվականին Բուդապեշտի հուշագրով Ռուսաստանի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս