«Պետք է մարդկանց բացատրել իրավիճակը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) մշակում է ԵՏՄ նոր մաքսային օրենսգիրքը: Դրա շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով
Երևանում են ԵԱՏՀ-ի կոլեգիայի անդամ նախարարները: Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ ի հայտ են եկել հարկային ոլորտի հետ կապված հարցեր, որոնք այսօր քննարկել են գործարարների հետ, վաղը կքննարկեն պետական մարմինների ներկայացուցչների հետ:
ԵԱՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Սուլեյմանովն անդրադարձավ ԱԱՀ-ի խնդրին, որ ռուս գործարարները ապրանք արտահանելով ՀՀ, հաշվարկում են նաև ԱԱՀ-ն՝ փորձելով խուսափել վարչարարական երկարատև գործընթացից: Ըստ նրա՝ նույն խնդիրը եղել է նաև Մաքսային միության ժամանակ, բայց այն ժամանակ կար մաքսային ծառայությունների հաստատումը, որ ապրանքը հանվել է երկրից, այժմ դա չկա և պետք է հակառակ կողմի, տվյալ դեպքում Հայաստանի, գործակալը հաստատի, որ ապրանքը ստացել է. «Դա երկար գործընթաց է, և փորձում են միանգամից ԱԱՀ-ն գանձել: Դա վատ է, մրցունակությունն ընկնում է: Պետք է մարդկանց բացատրել իրավիճակը: Նաև գործակալներն ու հարկային կառույցները պետք է սովորեն միմյանց, սովորեն համատեղ աշխատել: Հետագայում նախատեսվում է ավոտմատացնել գործընթացը»:
Ս.Կարայանը հավելեց, որ ԱԱՀ-ի վերադարձման մոտեցումները փոխվել են` հաշվի առնելով, որ ՀՀ-ն չունի սահման ԵՏՄ երկրների հետ, հիմա քննարկվում է խնդիրը և լուծումներ են փնտրում:
ԵԱՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը հավաստիացրեց, թե ԵՏՄ-ն հնարավորությունների միություն է, բայց դրանից օգտվելու համար պետք է լինել տեղեկացված: Նա նշեց, որ սպասում են ակտիվություն մեր բիզնես դաշտից: Ըստ Նռանյանի՝ Եգիպտոսը, Իրանը, Չինաստանը պատրաստակամ են համագործակցելու ԵՏՄ-ի հետ: Նա կոչ արեց հայ գործրարաներին, որ եթե այդ երկրներում աշխատելիս խնդիր է եղել, տեղեկացնեն ՀՀ կառավարությանը, որն էլ հարցերը կբարձրացնի ԵՏՄ-ում: