«ԵՏՄ անդամ բոլոր երկրներին ծածկել է ճգնաժամի ալիքը»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, իր իսկ խոսքով, բացահայտեց կյանքի իրականությունը: 168.am-ի հարցին ի պատասխան, որ այս տարվա սկզբից, երբ ՀՀ-ն դարձավ ԵՏՄ անդամ, ֆինանսական շուկայում խնդիրների պատճառով հայ արտադրողները չեն կարողանում ապրանք արտահանել Ռուսաստան, արդյոք այդ խնդիրը քննակվե՞լ է հանձնաժողովում, Սլեպնյովը հայտարարեց, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրներին ծածկել է ճգնաժամի ալիքը, սակայն պետք է աշխատել և լուծումներ գտնել, և արդյունքն ավելի լավը կլինի:

Ըստ նրա՝ այն բոլոր իրադարձությունները, որ տեղի ունեցան Ռուսաստանում և ԵՏՄ-ում, չէին կարող չազդել առևտրի վրա, որի ծավալները նվազել են տասնյակ տոկոսներով, կա հորիզոնական նվազում, կա պահանջարկի նվազում, ներդրումային ոչ լավ սպասումներ կան և գնալու տեղ չկա:

ՀՀ-ի հետ առևտրի վերաբերյալ նա նշեց, որ իրադրությունը լավը չէ, ասելու բան չկա, նման կտրուկ նվազում առևտրի ծավալների չէին սպասվում: Ա. Սլեպնյովը ասաց, որ մայիսի 29-ին քննարկումներ են լինելու, թե ինչպես ավելացնեն առևտրի ծավալները: Ըստ նրա՝ խնդրի լուծում պետք է լինի կոոպերացիան, խոչընդոտների վերացումը, միասնական վարկավորումը. «Լուրջ աշխատանք է սպասվում, ճգնաժամ է: Միությունը լավն է, հնարավորություններ տալիս է, բայց խնդիրները պետք է լուծել»:

Տեսանյութեր

Լրահոս