SOCAR-ը գաղտնի ֆինանսավորել է ամերիկացի կոնգրեսականների մեծ խմբի ադրբեջանական այցը. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ` Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը գաղտնի ֆինանսավորել է ամերիկացի կոնգրեսականների մեծ խմբի ադրբեջանական այցը:

Խոսքը գնում է 2013 թվականին Կոնգրեսի 10 անդամի ու աշխատակազմի 32 աշխատակիցների կողմից Բաքվում կայացած կոնֆերանսին մասնակցելու մասին: Հետաքննության արդյունքներով նման եզրահանգման է եկել էթիկայի գծով հանձնաժողովը:

Ուշագրավ է, որ այդ խմբի անդամների թվում հայտնվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երեք նախկին օգնականներ: Ամերիկացի օրենսդիրներն ու նրանց աշխատակիցները ստացել են գործուղման համար հարյուր հազարավոր դոլարներ, 2500-10.000 դոլար արժողությամբ թանկարժեք նվերներ:

Կոնգրեսականների ու նրանց ընտանիքների անդամների համար միայն ավիատոմսերի գները կազմել են 112.899 դոլար: SOCAR-ը 750.000 դոլարի ընդհանուր գումարն ուղղել է ԱՄՆ-ի հասարակական կազմակերպություններ, որպեսզի քողարկի ֆինանսավորման աղբյուրը:

Այս ամենի մասին նշված է հանձնաժողովի 70 էջանոց զեկույցի մեջ: Ընդ որում` SOCAR-ն իր հայտարարության մեջ նշում է, որ կոնֆերանսին իր աջակցելը չի եղել գաղտնիք:

Կոնգրեսականները, սակայն, իրենց հերթին հայտարարել են, որ տեղյակ չեն եղել, որ իրենց այցը ֆինանսավորվել է մեկ այլ պետության պետական ընկերության կողմից և որ իրենք մասնակցության համար ստացել են Կոնգրեսի Էթիկայի հարցերով հանձնաժողովի հավանությունը:

Մի շարք կոնգրեսականներ էլ հայտարարել են, որ իրենց ստացած նվերները չեն գերազանցել 350 դոլարի թույլատրելի սահմանը:

Տեսանյութեր

Լրահոս