Ֆինանսական ճգնաժամն անդրադառնում է Բոլոնիայի գործընթացի իրականացման վրա. Երևանում ներկայացվեց գործընթացի հաշվետվությունը
«Բոլոնիայի գործընթացը պետք է պատասխան գտնի իր առջև ծառացած մարտահրավերների համար»,- այս մասին այսօր ասաց Բոլոնիայի գործընթացի բարեփոխումների իրականացումը վերահսկող աշխատանքային խմբի համանախագահ, Լատվիայի տնօրենների խորհրդի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Անդրեյս Ռահուհվարգերսը Երևանում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում` ներկայացնելով Բոլոնիայի գործընթացի վերջին երեք տարիների հաշվետվությունը:
Նա տեղեկացրեց, որ հաշվետվության ծավալը կազմում է շուրջ երեք հարյուր էջ, որը ֆորումի ընթացքում մանրամասնորեն ներկայացնել չի հաջողվի: Ըստ նրա` փաստաթղթում հնարավոր է գտնել այն ամենը, ինչ վերաբերում է գործընթացի վերջին երեք տարիների ընթացքին: Բանախոսները միայն ներկայացրեցին այն, թե ինչ կարելի է գտնել հաշվետվության մեջ, քանի որ հնարավոր չէր ներկայացնել հաշվետվության ողջ բովանդակությունը:
Անդրեյս Ռահուհվարգերսի համոզմամբ` հաշվետվությունից երևում է, որ տնտեսական ճգնաժամը դեռ հիշեցնում է իր մասին, քանի որ կա դրա հստակ ազդեցությունը ոլորտի ֆինանսավորման, աշխատատեղերի վրա:
«Աշխատատեղերը երիտասարդ մասնագետների համար շատ ավելի սահմանափակ են, քան նախկինում: Թեև Բոլոնիայի գործընթացն ակտիվ ընդլայնման փուլ է ունեցել, ներկայումս ունենք որոշակի խնդիրներ և կունենանք: Բոլոնիայի գործընթացը պետք է գտնի պատասխան այս մարտահրավերների համար»,- ասաց պրոֆեսորը: Նա շարունակեց ներկայացնել կոնկրետ մասնագիտական առաջարկներ երիտասարդ մասնագետների որակավորման գործընթացի վերաբերյալ:
Իր հերթին՝ ԵՄ կրթական տեղեկատվական ցանցի ներկայացուցիչ Դավիթ Կրոսիերը խոսեց որակավորման հավաստագրման կարգում տեղի ունեցած փոփոխությունների և դրանց արդյունավետության շուրջ: