«ԼՂՀ ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունները ընդունել են արդյունքները». Մասիս Մայիլյան
Այսօր «Կովկաս» ինստիտուտում հրավիրված քննարկման ժամանակ խոսելով մայիսի 3-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը նկատեց, որ յոթ կուսակցություններից հինգն անցել են խորհրդարան, որոնցից երեքը 2007 թվականից միասին են աշխատում և իշխանական կոալիցիա են կազմում:
«Անցել են նաև երկու ոչ իշխանական կուսակցություններ՝ «Շարժում 88» կուսակցությունը և «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:
Կարևոր է, որ այդ ընտրությունների ժամանակ ակտիվ են եղել ընտրողները՝ համեմատած 2010 թվականի ընտրությունների հետ: Կարևոր է նաև, որ այս ընտրությունները եղել են մրցակցային, ոչ միայն իշխանական կոալիցիա կազմող կուսակցությունների և ոչ իշխանական կուսակցությունների միջև, այլև՝ հենց այդ կոալիցիոն կուսակցությունների միջև»,- ասաց Մ. Մայիլյանը, ով այդ հանգամանքը բացատրում է նրանով, որ 2017 թվականին նախատեսված են նախագահական ընտրություններ, և ամեն մի կուսակցություն ցույց է տվել, որ իրենց լիդերները հավակնություններ կունենան նաև նախագահական ընտրությունների ժամանակ: Մ. Մայիլյանի գնահատմամբ՝ կարևոր էր նաև, որ այս 4 ոչ իշխանական կուսակցություններն օգտագործում էին ընդդիմադիր հռետորաբանություն.
«Կարող ենք ասել, որ «Շարժում 88»-ն ունի 2 տեղ, նաև մեկ պատագամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով, նրանք կունենան 3 տեղ խորհրդարանում, նաև մեկ պատգամավոր կունենա «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, առնվազն 4 հոգի կան, որոնք ընտրվել են խորհրդարան՝ այդ ոչ իշխանական ուժերի կողմից, և որոնք օգտագործել են հիմնականում ընդդիմադիր հռետորաբանություն»: Թե ինչպիսի կոալիցիաներ կկազմվեն նոր խորհրդարանում, ըստ Մ. Մայիլյանի՝ դեռ վաղ է ասել, բայց նա կարծում է՝ այդ 3 ուժերը կշարունակեն իրենց համագործակցությունը:
Մ. Մայիլյանը հիշեցրեց, որ 2010 թվականին՝ նախորդ խորհդարանական ընտություններից հետո, ԼՂՀ-ն «Freedom House»-ի գնահատմամբ՝ իջեցրել էր իր վարկանիշը և նրան դասել էին՝ որպես ոչ ազատ երկիր. «Բայց 2012-ի նախագահական ընտրությունների շնորհիվ՝ մենք նորից մասամբ ազատ երկիր ենք, և ես ակնկալում եմ, որ մենք կպահպանենք այդ մակարդակը կամ կարող է բալերի տարբերություն լինի՝ դեպի աճ»:
Մ. Մայիլյանը կարևորեց նաև «Խաղաղություն և զարգացում» կուսակցության դերն այս ընտրությունների ժամանակ, որը չի անցել խորհրդարան. «Բայց նրանք շատ հետաքրքիր ձև են օգտագործել, մեծ ամբիցիաներ չեն ունեցել՝ քիչ քանակով են ներկայացել ընտրություններին, բայց իրենց եթերային ժամին իրենք իրազեկել են մարդկանց իրենց իրավունքների մասին: Սա նոր ձև է, որը կիրառվել է Արցախում և տվել է իր դրական արդյունքները»:
Նա տեղեկացրեց, որ ընտրություններին մասնակից բոլոր կուսակցություններն ընդունել են արդյունքները, որևէ կուսակցություն չի դիմել վերահաշվարկի համար: Իսկ մայիսի 18-ին կպարզվի, թե ովքեր են մանդատ ստանում և մտնում խորհրդարան: