Ռուսաստանը կարող է փորձել կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, բայց բեկում չի լինելու. Անդրեյ Արեշև

«Ռուս-թուրքական հարաբերություններում նշանակալի դերակատարություն ունեն արևմտյան ճնշումները Թուրքիայի նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը` անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկային Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո:

Նա նշեց, որ ռուս-թուրքական հարաբերություններում հռետորաբանության փոփոխություն է նկատվում, քանի որ Թուրքիան չափազանց նյարդային է վերաբերվում Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցանկացած հարցի, որի հետևանքով դեսպան են ետ կանչում, ապա՝ լուռ վերադարձնում: Ըստ նրա` դեսպաններին լուռ ետ ուղարկելը խոսում է այն մասին, որ թուրքական դիվանագիտությունն այնուամենայնիվ պրագմատիկ է: Արեշևի համոզմամբ` ՌԴ-ի հետ բիզնես պրոյեկտները Թուրքիայի համար կարևոր են, «Թուրքական հոսք» ծրագիրն ավելի լայն և կարևոր կոնտեքստ ունի, որպեսզի նման լարվածություններն անդրադառնան այդ ծրագրի վրա: Սակայն, ռուս վերլուծաբանի կարծիքով, Թուրքիայի նկատմաբ էական կարող են լինել արևմտյան ճնշումները, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: «Ես կարծում եմ, որ իրականում ՌԴ-ի համար առաջնահերթություն է սեփական գազային համակարգի ստեղծումը»,- ասաց Անդրեյ Արեշևը:
Խոսելով նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների առաջարկների մասին՝ միջնորդական առաքելություն ծավալել Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում` վերլուծաբանն ասաց, որ այսօր այդ մտադրությունը ժամանակավրեպ է և ոչ տեղին: «Այս աշխատանքը կարող է սահմանափակվել միայն նրանով, որ հայկական որոշ արտադրանքներ հայտնվեն թուրքական շուկայում, քանի որ, եթե չլինի թուրքական կողմի հստակ ցանկությունը՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, բեկում չարժե սպասել, թեև Ռուսաստանը կարող է որոշ փորձեր ձեռնարկել, սակայն դրանք անարդյունավետ կլինեն»,- ասաց Անդրեյ Արեշևը:

 

Տեսանյութեր

Լրահոս