Ռիգայի գագաթաժողովն անակնկալներ չի մատուցի Ռուսաստանին

Թեև Եվրոպական միության «Արևելյան գործընկերություն» ծրագրի` Ռիգայում կայանալիք գագաթաժողովին հաշված օրեր են մնացել, գագաթաժողովի օրակարգը լիովին հայտնի չէ, ավելին` անորոշ է հատկապես ասոցիացված Մոլդավայի, Ուկրաինայի և Վրաստանի համար։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ամիսներ առաջ նշել էր, որ Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին էական առաջընթաց է սպասում, մասնավորապես` Եվրամիության երկրների և Վրաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցում։ Հայտնելով իր լավատեսությունը` Ուսուպաշվիլին ասել էր՝ «Ռիգայի գագաթաժողովում մենք էական առաջընթաց ենք սպասում` վիզային ռեժիմի հետ կապված, որից հետո պետք է մնան զուտ տեխնիկական հարցեր, և մենք պետք է կարողանանք Վրաստանի բնակիչներին հայտնել, թե երբ ուժի մեջ կմտնի այդ կարևոր որոշումը»։ Սակայն Ուսուպաշվիլին նշել էր նաև Ռուսաստանի խոչընդոտող դերակատարությունն այս գործընթացում։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է Եվրամիության հետ ոչ միայն` Ուկրաինայի, այլև Վրաստանի ասոցիացմանը խանգարելուն։ Ռուսաստանը չի հրաժարվել այդ ցանկությունից, ուստի մենք պետք է աշխատենք Եվրոպայի բոլոր երկրների և քաղաքական ուժերի հետ, որպեսզի Ռիգայի գագաթաժողովում մեր խնդիրները լուծվեն։ Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված»,- վստահություն էր հայտնել վրաց պաշտոնյան։ Ուկրաինայում ևս սպասելիքները բացասական են այս հարցում, քանի որ պատերազմի հետևանքով Ուկրաինան Վիլնյուսյան գագաթաժողովից հետո չի հաջողել իրականացնել համապատասխան բարեփոխումներ, ինչը ևս կասկածի տակ է դնում Ուկրաինա-ԵՄ հաջողությունները Ռիգայի գագաթաժողովում։

Մոլդավայի դեպքում իրավիճակն այլ է, քանի որ Մոլդավան ունի ազատ վիզային ռեժիմ ԵՄ-ի հետ, Մոլդավային ամբողջական ասոցիացման համար մնացել են միայն տեխնիկական հարցեր, սակայն ԵՄ որոշ շրջանակների պնդմամբ` Մոլդավան ևս չի հաջողել անհրաժեշտ բարեփոխումները։

Կարդացեք նաև

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տրամադրության տակ հայտնված գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի նախնական տեքստի համաձայն` «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդավայի համար լուրջ ձեռքբերումներով հազիվ թե աչքի ընկնի, այնինչ այն պետք է բեկումնային լիներ նախորդ տարի Վիլնյուսում արձանագրված տապալումից հետո։ Բրյուսելում մշակված փաստաթղթի նախագծում որևէ հիշատակում չկա այս երեք երկրների կողմից արձանագրված առաջընթացի մասին, ինչն էլ հասկանալի է դարձնում, որ այս երկրները Ռիգայից լուրջ սպասելիքներ չեն կարող ունենալ, քանի որ ԵՄ-ի ակնկալիքները չեն արդարացել։

Սակայն այս երեք երկրներում վստահ են, որ վերջնական որոշումները կայացվելու են հենց Ռիգայում, և իրենք անհրաժեշտ բոլոր բարեփոխումներն ու աշխատանքներն իրականացրել են։ Կան նաև միջազգայնագետներ, ովքեր վստահ են` Ռիգայից չափազանցված սպասելիքներ չպետք է ունենալ, քանի որ ուկրաինական ճգնաժամը դեռ կարգավորված չէ, ու ԵՄ-ն, համապատասխանաբար, զգուշավոր քաղաքականություն պետք է վարի։

Ամիսներ առաջ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել էին, որ վերանայում են ԵՄ հարևանության քաղաքականությունը, որի արդյունքում` ԵՄ-ն ԱլԳ բոլոր երկրներին առաջարկելու է հարաբերություններ, որոնք կհամապատասխանեն յուրաքանչյուր երկրի հավակնությանը, սակայն ներկայումս սա ևս բարդ նպատակ է համարվում Եվրոպական միության համար, քանի որ, ինչպես հայտնի է, այդ նոր մշակվող քաղաքականությունը ևս պետք է ստանա ԵՄ բոլոր անդամ երկրների համաձայնությունը։

Այս անորոշությանը զուգահեռ` օրերս Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին ասաց, որ ԵՄ-ն ցանկանում է «տանգո պարել» Հայաստանի հետ, սակայն դա չի կարող անել` առանց զուգընկերոջ, այսինքն` Հայաստանի։ Դեսպանը վերահաստատեց Լեհաստանի և ԵՄ-ի ցանկությունը` զարգացնել ՀՀ-ԵՄ հարաբերություններն այն ժամանակ, երբ դրանք անորոշ են նույնիսկ ասոցիացված երկրների դեպքում։

Մեզ հետ զրույցում Եվրոպայի քոլեջի դասախոս, նախկին դիվանագետ, Ֆրանսիայի միջազգային և ռազմավարական խնդիրների ինստիտուտի առաջատար վերլուծաբան, ԵՄ կառույցներում ուսումնական ծրագրեր իրականացնող Լոռ Դելքուռը փորձեց բացատրել, թե ինչ է կատարվում ԵՄ Հարևանության գոտում։ Նա ասաց, որ ԵՄ-ն ուկրաինական ճգնաժամի ֆոնին նպատակ ունի փոքր-ինչ սառեցնել «Արևելյան գործընկերություն» ծրագրի ակտիվ փուլը։

Դելքուռի համոզմամբ` Ռիգայի գագաթաժողովում ԵՄ-ն փորձելու է Ռուսաստանին անակնկալներ չմատուցել։

«Այս ամենը պետք է ընկալել հենց այս կոնտեքստում` անակնկալներ չեն լինելու։ ԵՄ-ն անակնկալ կերպով համաձայնագրեր չի կնքելու Հայաստանի հետ, իսկ ասոցիացված երկրների հետ նախատեսվող ընթացակարգերը միգուցե ավելի երկարաժամկետ ապագայում իրականացվեն, և դա, ըստ էության, ճիշտ քաղաքականություն կլինի` հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամը և ԵՄ անդամ երկրների շրջանում առկա տարաձայնությունները։ ԵՄ կենտրոնական կառույցները ջանում են իրենց քայլերը համաձայնեցնել ԵՄ անդամ բոլոր երկրների հետ, այսօր սա ևս մեծ բարդություն է ռուսական գործոնի հետևանքով»,- ասաց ֆրանսիացի դիվանագետը։

Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները ԵՏՄ անդամակցությունից հետո ևս դրական հունով կընթանան, պարզապես կերկարաձգվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի նախապատրաստման, համաձայնեցման գործընթացը, ինչը ևս պայմանավորված է ԵՄ անդամ բոլոր երկրների հետ համաձայնեցման բարդությամբ։

Սակայն, ըստ փորձագետի, կարևոր է հենց համաձայնեցման գործընթացը, քանի որ նախընտրելի է, որ համաձայնագիրը լինի լավ մշակված` հետագայում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունից խուսափելու համար։

Մեզ հետ զրույցում Ռիգայի գագաթաժողովի օրակարգին անդրադարձավ նաև Երևանի մամուլի ակումբի ղեկավար, Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը։ Նա նշեց, որ «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների հետ հարաբերությունների խորացումը, զարգացումը կախված է նաև ԵՄ-Ռուսաստան հարաբերություններից, և, քանի որ ԵՄ անդամ երկրների շրջանում չկա նույնական վերաբերմունք, թե ինչպիսի քաղաքականություն պետք է իրականացնել Ռուսաստանի նկատմամբ, որքանով պետք է հաշվի առնել Ռուսաստանի շահերը գործընկերների հետ ծրագրեր մշակելու ընթացքում, դանդաղում և անորոշ է դառնում նաև այն հնարավոր համագործակցությունը, որ կարող է լինել ԱլԳ տարբեր երկրների հետ։

Դա վերաբերում է ոչ միայն Վրաստանին կամ Ուկրաինային, բնականաբար, նաև Հայաստանին։ Ըստ Բորիս Նավասարդյանի, կա կարծիք, թե ներկայումս ՌԴ գործոնը ԱլԳ հարցում մեծ դերակատարություն ունի։ «Հայաստանի հետ հարաբերությունները` որպես մի երկրի, որը շատ զգուշավոր քաղաքականություն է իրականացնում, և, որի համար օրենք է, կանոն` Ռուսաստանի դիրքորոշումը` ցանկացած հարաբերություններ կառուցելու համատեքստում, ՀՀ-ն դառնում է բավականին հետաքրքիր գործընկեր ԵՄ-ի համար, որովհետև Հայաստանից չեն սպասում քայլեր, որոնք դժգոհություն կառաջացնեն Ռուսաստանում։ Միգուցե այսօրվա անորոշ վիճակում հենց այդպիսի հարաբերություններն Արևելյան գործընկերության թիրախ երկրների հետ առավել հարմարավետ են նաև ԵՄ-ի համար, և դա է պատճառը, որ ԵՄ ներկայացուցիչների կողմից հնչում են բավականին լավատեսական հայտարարություններ Հայաստանի հետ կապված ցանկացած զարգացումների ուղղությամբ։

Դա չի նշանակում, որ իրականում ԵՄ-ՀՀ հարաբերություններն անպայման պետք է խորացվեն, քանի որ մենք ևս չգիտենք, թե ինչքանով դա ընդունելի կլինի Ռուսաստանի համար, պարզապես կա վստահություն, որ չի լինելու այնպիսի բան, որը լրացուցիչ լարվածություն կառաջացնի ԵՄ-ՌԴ հարաբերություններում»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Վերջինիս համոզմամբ, քանի դեռ չկա միասնական մոտեցում ԵՄ անդամ տարբեր երկրների շրջանում ՌԴ-ի նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ, ԵՄ-ն որոշակի զգուշավորություն կցուցաբերի։ «ԵՄ-ի համար հարաբերությունների տարբերությունը նույն Վրաստանից, Ուկրաինայից կամ Մոլդավայից, Հայաստանի հետ համեմատած, այն է, որ այդ երեք ասոցիացված երկրների առաջարկները, հավակնությունները` լինի դա վիզայի ազատականացում կամ անվտանգության ոլորտում համագործակցություն կամ ԵՄ անդամակցության հեռանկար, դեռ չի նշանակում ԵՄ-ի համար, որ դա ընդունելի է Ռուսաստանի համար։ Հայաստանի դեպքում ցանկացած նախաձեռնություն, որ Հայաստանի կողմից լինելու է, ԵՄ-ի համար կնշանակի, որ հավանություն կա Ռուսաստանից։ Այդ առումով Հայաստանի հետ ավելի հանգիստ շփման ռեժիմ է կիրառվում ԵՄ-ի կողմից»,- նշեց Բորիս Նավասարդյանը։

Տեսանյութեր

Լրահոս