Բաժիններ՝

Խրախուսում են նաև աշխատուժի արտահանումը

Ազգային ժողովի արտահերթ նիստում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխությունների աղմկահարույց նախագծերը: Դրանցով, հիշեցնենք, ՀՀ քաղաքացիներն արտերկրում, մասնավորապես` Ռուսաստանում, աշխատելու դեպքում` եկամտահարկ պետք է վճարեն ՀՀ-ում` այստեղ գործող 24%-ի փոխարեն` 13%-ի չափով:

ՀՀ պաշտոնյաները կարծում են, որ կրկնակի հարկումը բացառող երկկողմ պայմանագրերի շնորհիվ Ռուսաստանում այլևս եկամտահարկ չեն գանձի ՀՀ քաղաքացիներից:

ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում օրենսդրական այս փոփոխությունը որակեց` որպես որևէ տրամաբանական հիմնավորումից զուրկ: Ըստ նրա` օրենքի բովանդակությունն այն է, որ Հայաստանից բոլոր տեսակի ապրանքների արտահանումը հեշտացնելուց հետո, հիմա մնացել է` աշխատուժի արտահանումը խրախուսեն:

Վ. Խաչատրյանի կարծիքով, հարցի մյուս կողմը, որին նպաստում է օրենքի տրամաբանությունը, այն է, որ ՀՀ իշխանության վերջին միակ հույսն արտագնա աշխատանքի մեկնող անձանց հարկելն է, նաև նպաստելը` աշխատանքային միգրանտների հոսքի ավելացմանը. «Ի՞նչ էր կատարվում մինչ այս: Մարդիկ գնում էին, աշխատում` առանց որևէ միջամտության, իրենց վաստակից այստեղ գումարներ էին ուղարկում, և այն երկրում, որտեղ աշխատում էին, հիմնականում` Ռուսաստան, այնտեղ հարկային վճարումներ էին կատարում, որը շատ բնական է: Հիմա բացատրում են, թե՝ ինչո՞ւ այնտեղ վճարեն, թող այստեղ վճարեն: Բայց չեն պատասխանում հարցին, թե արդյոք այդ խնդիրը լուծվա՞ծ է այդ երկրների հետ, թե՞ ոչ, տվյալ դեպքում` Ռուսաստանի: Եթե անգամ փորձում են օգտագործել կրկնակի հարկումը բացառող օրենքը, դա չի գործում, որովհետև մարդիկ որևէ մի քաղաքում կամ բնակավայրում աշխատելիս տեղական բյուջեին վճարումներ են կատարում, այդ թվում` եկամտահարկի գծով: Այսինքն` որևէ քաղաքի, բնակավայրի իշխանություն ՀՀ իշխանություններին ու աշխատանքային միգրանտներին թույլ չի տա, որ իրեն զրկեն եկամտի աղբյուրներից: Այսինքն` ԱԺ-ում տրված բացատրություններն ապացուցում են, որ օրենքը մինչև վերջ մշակված չի, հաշվարկված չի, որևէ տնտեսական հիմնավորում չկա, թե ինչ ենք ստանալու դրանից: Նույնիսկ տվյալ չկա, թե ինչքան մարդ է գնալու, եթե նույնիսկ ստացվի սա: Եզրակացությունը մեկն է, որ ինչ-որ խմբի, ինչ-որ մարդու շահը սպասարկելու համար նախատեսված օրենսդրական նախաձեռնություն է, որը հապշտապ բերել են ԱԺ»:

Կարդացեք նաև

Ընդ որում, ըստ Վ.Խաչատրյանի, սա առանձնահատուկ դեպք է, երբ արդեն ռասայական մոտեցում է ցուցաբերվում` տեղացի ու երկրից դուրս աշխատողների մեխանիզմ է ներդրվում: Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը ՀՀ կառավարության այս նախաձեռնությանը: Վ.Խաչատրյանի համոզմամբ` միանշանակ բացասական. «Բացի դա, պարզապես թույլ չեն տա, որ իրենց երկրում ապրող որևէ մի երկրի քաղաքացի իրենց օրենսդրության սահմաններում հարկեր չվճարի: Դա բացառում եմ: Օրինակ` գնում են Տուլայում կամ Կալուգայում աշխատում են, ի՞նչ պետք է ասեն` ձեզ չենք վճարում, որովհետև Հայաստանում 13% վճարո՞ւմ ենք: Իհարկե, պետք է վճարեն, և այնտեղ աշխատելու մեկնող մարդիկ կտուժեն: Իրենք 13% ավելի հարկ են վճարելու ՀՀ-ին: Մի հանգամանք էլ կա` ի վերջո, ԵՏՄ անդամ ենք, և աշխատուժի ազատ տեղաշարժի մասին կարևորագույն դրույթ կա, որն ապահովելու հետ կապված` նաև օրենսդրական համապատասխան փոփոխություններ պետք է լինեին: Զարմանալի է, թե ինչո՞ւ չեն սպասում` մինչև այդ դաշտը հստակեցվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս