Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգը» զիջել է դիրքերը. հրապարակվել է խոշոր հարկատուների ցանկը
ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հրապարակել է 2015 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե է 15 մլրդ 077.6 միլիոն դրամի հարկ։ Ու թեպետ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերությունը հարկերը նվազեցրել է 2.66 միլիարդ դրամով կամ 15%-ով, այդուհանդերձ, շարունակում է մնալ ՀՀ խոշորագույն հարկատուն։
Որքան էլ զարմանալի լինի, խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերը (2014-ի առաջին եռամսյակում գտնվում էր 8-րդ հորիզոնականում)։ Ընկերությունը պետբյուջե է վճարել 4.6 միլիարդ դրամի հարկեր, որը 2.5 անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուծած հարկերը։
ՀԷՑ-ը, փաստորեն, մուծած հարկերի ծավալով գրավել է «Ալեքս Գրիգի» տեղը։ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող այս ընկերությունը 2014-ի առաջին եռամսյակում երկրորդ տեղում էր՝ 5.2 միլիարդ դրամի հարկերով։ Այս տարվա առաջին եռամսյակում «Ալեքս Գրիգը» պետբյուջե է վճարել 3.9 միլիարդ դրամ և նահանջել 5-րդ հորիզոնականը։
Խոշոր հարկատուների ցանկի 3-րդ հորիզոնականում «Արմենտելն» է՝ շուրջ 4.2 միլիարդ դրամի հարկերով։ Իսկ 4-րդ հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատն է։ Ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 4 միլիարդ դրամ, որը շուրջ 1 միլիարդով գերազանցում է 2014 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը։
Ընդհանուր առմամբ, ՀՀ 1000 խոշորագույն հարկատուները 2015 թվականի առաջին եռամսյակում վճարել են 152.3 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա 154.3 միլիարդ դրամի դիմաց։