Թեհրանը թույլ չի տա Եմենում ռազմական միջամտության ցուցաբերում. Իրանի ԱԳՆ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի փոխարտգործախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա Եմենում ռազմական միջամտության ցուցաբերում` տարածաշրջանն ապակայունացնելու համար:
Նա հավելել է, որ Իրանն ու Եմենն ընդհանուր շահեր ունեն անվտանգության ոլորտում: Ամերիկյան Accosiated Press լրատվական գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի իշխանություններին գնալով ավելի շատ է մտահոգում Եմենում շիա ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի ու նրա արաբական դաշնակիցների ծավալած ռազմական կամպանիան:
ԱՄՆ-ի կառավարության այդ դիրքորոշումը բացատրվում է երկու հիմնական պատճառով: Նախ օդային ռմբակոծությունների հետևանքով Եմենում զոհվում են մեծ թվով խաղաղ բնակիչներ: Եվ երկրորդ` ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Էր-Ռիյադի ու նրա դաշնակիցների կողմից Եմենի կառավարամետ ուժերին մատակարարած զենքը կարող է ընկնել ծայրահեղականների ձեռքը: