Թինա Խիդաշելին կդառնա Վրաստանի առաջին և աշխարհի վեցերորդ կին պաշտպանության նախարարը. Գարիբաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր հայտարարել է, որ մայիսի 1-ին պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է իշխող «Վրացական երազանք» դաշինքը ներկայացնող Թինատին Խիդաշելուն.
«Թինա Խիդաշելին այսօրվանից սկսած կլինի Վրաստանի առաջին կին պաշտպանության նախարարը և վեցերորդ կին պաշտպանության նախարարն աշխարհում` Նիդերլանդներից, Գերմանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից ու Ալբանիայից հետո»:
Թինա Խիդաշելին պատգամավոր է, նա գլխավորում է խորհրդարանի` եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովը: Նա Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու կինն է:
Խիդաշելին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը, ինչպես նաև սովորել է Կենտրոնական Եվրոպայի ու Յելի համալսարաններում: