«Խոշորներին ստվերից հանելով՝ նրանց գոյությունը վտանգի չի ենթարկվի, ինչպես ՓՄՁ-ների դեպքում է». Տնտեսագետ
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումները հիմնականում մոտ են լինում իրականությանը: Նրա խոսքով՝ այն, որ ԱՄՀ-ն Հայաստանի համար տնտեսական անկում է կանխատեսել կարող ենք ինքներս էլ նկատել տնտեսական զարգացումներից, և «իրականությունը ցույց է տալիս, որ կա տնտեսության մեջ ակտիվության անկում»:
Լրագրողի դիտարկմանը՝ իշխանությունները պնդում են, թե իրենք օրենսդրական փոփոխություններ ենք կատարում, ստվերը կրճատում են, բայց ամեն ինչ կախված է դրսի շուկայից, տնտեսագետը պատասխանեց, թե ամեն ինչ դրսի շուկայի կախվածության մեջ դիտարկելը ճիշտ չէ:
«Նույն Ռուսաստանի օրինակը, սանկցիաները կիրառելուց հետո 90%-ով կարողացան գյուղատնտեսական կամ պարենային ապրանքները փոխարինել և անցնել իրենց իսկ ապրանքների սպառմանը: Հիմա բոլորը մենք կապենք դրսի՞ հետ, իսկ մենք ներքին խնդիր չունե՞նք: Մենք էլ ունենք ներքին: Օրինակ, ունենք բանկային համակարգ, որի տոկոսադրույքները շատ բարձր են, որը չի խթանում բիզնեսի զարգացմանը»,- ասաց տնտեսագետը՝ նշելով, որ տնտեսության մեջ չկան այն նախագծերը, որ կարողանան ֆինանսավորել, և մարդիկ ունեն խնդիրներ:
«Հասկանում եմ ստվերից հանելու խնդիրը, բայց ստվերից հանելուց հետո նրանք ավելի շուտ հայտնվում են փակման եզրին, քան իրենց գործունեության ընդլայնման կամ ծավալման եզրին: Սա է խնդիրը: Այսինքն՝ ստվերից հանելու դեպքում, կարելի է ասել, նրանց համար նպաստավոր տնտեսական գործունեության պայմանները վերանում են»,- նկատեց տնտեսագետը:
Հարցին՝ դա վերաբերում է նաև խոշոր տնտեսվարողների՞ն, Վ. Խաչատրյանը պատասխանեց, թե կարծում է՝ փոքր և միջին ձեռնարկություններին դա ավելի շատ է վերաբերում, քան խոշորներին. «Ստվերը նրանց գոյության նախապայմանն է դարձել, իսկ մեծերի համար իրականում ստվերից հանելու խնդիրը շատ ավելի լուրջ է դրված, և կարծում եմ՝ ստվերից հանելով՝ նրանց գոյությունը վտանգի չի ենթարկվի»: