ԱՄՆ պետդեպարտամենտը պաշտոնական Բաքվին կոչ է արել ազատել կալանավորված լրագրողներին ու բլոգերներին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտը գործարկել է «Ազատություն մամուլին» իր ամենամյա կամպանիան, ինչը տեղի է ունեցել մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա շեմին:
ԱՄՆ պետդեպարտամենտը նախորդ տարիների նման նշելու է այն ԶԼՄ-ների ու լրագրողների անունները, որոնք իրենց արհեստավարժ գործունեության համար ենթարկվել են գրաքննության, հարձակումների, սպառնալիքների կամ էլ չքացել են ասպարեզից:
ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մարի Հարֆը լրագրողների հետ ճեպազրույցում հիշատակել է Ադրբեջանում ու Սվազիլենդում լրագրողների կալանավորման երկու դեպք: Ադրբեջանի հետ կապված` Հարֆը հիշեցրել է, որ ներկայումս այդ երկրի բանտերում են գտնվում 12 լրագրողներ ու բլոգերներ, որոնց թվում է նաև Հիլալ Մամեդովը:
Հարֆն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել այդ լրագրողներին ու բլոգերներին, որոնք դատապարտվել են միայն ազատ արտահայտվելու իրենց իրավունքն օգտագործելու համար.
«Մենք Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել անկախ մամուլի վրա նմանատիպ բոլոր հետապնդումներին ու ճնշման մյուս ձևերին և հարգանք ցուցաբերել ազատ արտահայտվելու ոլորտում ստանձնած պարտավորություններին»: