Քաշաթաղի հարավային թևի համայնքներում գարնանացանի աշխատանքներն ավարտին են մոտենում
Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության վերջին տվյալներով այս տարվա բերքի տակ շրջանում կատարվել է մոտ 4100 հեկտար գարնանացանի հերկ, որից 700 հա-ը՝ պետական պահուստային ֆոնդի, իսկ մնացածը՝ համայնքային հողատարածքներում:
Ինչպես «Արցախպրեսե»-ին տեղեկացրել է Քաշաթաղի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը, հացահատիկի` մասնավորապես ցորենի, գարու և հաճարի, գարնանացան առայժմ կատարվել է միայն հարավային թևի համայնքներում և Աղավնոյում (25հա հաճար): Այստեղ ընդհանուր առմամբ կատարվել է 55 հա հերկ: Ցորենի գարնանացան կատարել են Աղաձորի, Այգեկի, Գետամեջի, Ձորափի, Վանի և Կերենի գյուղական համայնքների վարելահողերում, ընդհանուր առմամբ` 87հա:
Առայժմ 17 համայնքում հաճարի կատարված ցանքսը կազմում է է 1140հա, որից 450-ը՝ ՊՊՖ-ի վարելահողերում: Այս տարվա բերքի տակ կատարված գարնանացան գարու ցանքսը կազմում է 980հա, որից 100-ը՝ ՊՊՖ տարածքներում: Մասնավորապես 19 համայնքներից ամենաշատը գարիու ցանքս է կատարվել Ծաղկաբերդի համայնքում` 200հա:
Շրջանում, առայժմ ընդհանուր առմամբ կատարվել է նաև մոտ 9 հա կարտոֆիլի ցանքս: Մեկնարկել է նաև բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսը, որն առայժմ կազմում է 6,5 հա: Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ անասնագլխաքանակի աճով պայմանավորված, ավելացել է նաև անասնակերի պահանջարկը: Այդ առումով, ԼՂՀ կառավարության որոշմամբ Քաշաթաղի համայնքներին անհատույց հատկացվել է մեծ քանակության կորնգանի սերմացու: Շրջանի Հարավային թևի 13, և Աղավնո համայնքներում ընդհանուր առմամբ կատարվել է 253 հա կորնգանի ցանքս:
Անդրադառնալով մոլախոտերի, մկնանման կրծողների և այլ վնասատուների դեմ պայքարի անհրաժեշտության հարցին, Լ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ ՊՊՖ-ի և համայնքային հողատարածքներում մոլախոտերի մաքրման դեմ պայքար է իրականացվել 1270 հա-ի վրա, իսկ մկնանման կրծողների և այլ վնասատուների դեմ՝ 10 հազար 40 հա-ի վրա: Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետն ավելացրեց նաև, որ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ հյուսիսային թևի համայնքներում, 4 տրակտորների ներգրավմամբ, արդեն սկսվել են գարնանացան հացահատիկի հերկի աշխատանքները, իսկ Հարավային թևում գարնանացանի աշխատանքները կավարտվեն մոտ 15 օրից:
Լ. Սիմոնյանը նշեց նաև, որ ԼՂՀ կառավարության կողմից, գյուղի և գյուղատնտեսության աջակցության վարկային ծրագրով շրջանին հատկացվել է 200 տոննա ազոտական պարարտանյութ, 2000 կգ եգիպտացորենի, 860 կգ առվույտի սերմացու, ինչպես նաև 2500 կգ կորնգանի սերմ: