Կհայտարարվի՞ արդյոք համաներում. Հովհաննես Մանուկյանը դեռ տեղյակ չէ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեռ տեղյակ չէ, թե արդյոք համաներում կհայտարարվի: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե այդ հարցի հասցեատերն ինքը չէ, դա որոշում է Հանրապետության նախագահը: Առայժմ, ըստ նախարարի, Սերժ Սարգսյանը համաներում իրականացնելու մասին հանձնարարություն չի տվել, սակայն դա դեռ չի նշաանկում, որ մինչև մայիսի 5-ը, երբ կայանալու է ԱԺ արտահերթ նիստը և ենթադրվում է, որ համաներման հարցը կներկայացվի օրենսդիրներին, այդ հանձնարարությունը չի լինի:
Դիտարկմանը, որ մեր երկրում հաճախակի են լինում համաներումներ, Հ.Մանուկյանը պատասխանեց, որ համաներման ինստիտուտը կապ չունի դատական համակարգի արդյունավետության հետ, դրանք բացարձակ տարբեր հասկացություններ են. «Աշխարհում, իհարկե, համաներման տարաբնույթ պրակտիկա է կիրառվում: Ավելի շատ ակցենտավորում են պայմանական վաղակետ ազատման ինստիտուտը, որը ավելի շատ անհատականացման էլեմենտներ է պարունակում, թե ինչպես է ուղղվելու մարդը, արդյոք հասարական վերասոցիալիզացիան արդյունավետ կարող է ընթանալ, թե ոչ: Բայց չի կարելի ասել, որ որևէ մոդել բացարձակ ճիշտ է կամ սուտ: Մեզ մոտ հազվադեպ չեն համաներումները, բայց ես հակված եմ ոչ թե քննարկելու համաներման արդյունավետությունը կամ որ հաճախ է կիրառվում, այլ ես մտահոգ եմ վաղակետ ազատման ինստիտուտի կատարելագործմամբ»:
Հարցին, արդյոք Ժիրայր Սեֆիլյանի գործն ուսումնասիրե՞լ է և Սեֆիլյանին համարո՞ւմ է քաղբանտարկյալ, նախարարը պատասխանեց, որ գործի ուսումնասիրությունն իր իրավասությունների մեջ չի մտնում. «Ես իրավունք չունեմ գործը ուսումնասիրել կամ որևէ փատաթուղթ ուսումնասիրել: Դա նախաքննության մարմինների իրավասությունն է: Քաղբանտարկյալ հասկացության հետ համաձայն չեմ»: