Հայաստանում բժիշկներին հաջողվել է փրկել քաղցկեղով հիվանդ կնոջ և պտղի կյանքը. Azatutyun.am
Վերջերս հայ բժիշկները եզակի հաջողություն են արձանագրել․ նրանք կարողացել են փրկել քաղցկեղով հիվանդ հղի կնոջը: Հաջողվել է փրկել նաև պտղի կյանքը, գրում է Azatutyun.am-ը:
29-ամյա կինը տրամադրված է եղել անգամ կյանքի գնով լույս աշխարհ բերել իր առաջնեկին: Ժամանակակից բժշկության մեջ կիրառվող նոր փորձին հայ բժիշկներն առաջին անգամ են դիմել: Նրանց պնդմամբ, հղիության ընթացքում անխուսափելի է եղել քիմիաթերապիան, որը վտանգում է ինչպես մոր, այնպես էլ երեխայի կյանքը, բայց գնացել են այդ քայլին:
Կինը մոտավորապես 6 ամսական հղի է եղել, երբ Մոսկվայի հայտնի բժշկական կենտրոններից մեկի ախտորոշման փաստաթուղթը ձեռքին՝ դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հղիությունն ընդհատելու հարց չէր կարող լինել․ երեխան այդ ժամանակահատվածում գրեթե լրիվ զարգացած է, անգամ կարողանում է լսել:
«Դեպքը բացառիկ էր, բայց պետք է ռիսկի դիմելով՝ հիվանդը քիմիաթերապիա անցներ․ ուռուցքը զարգանում էր ժամ առ ժամ: Ի՞նչ ռիսկեր կարող էին լինել, ընդհուպ մինչև ներարգանդային մահ կարող էինք ստանալ: Հնարավոր է և հղիությունն ընդհատվի, բայց երկրորդ եռամսյակից հետո պտղի վրա չի ազդել քիմիաթերապիան», – շարունակեց բժիշկը:
Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով՝ 8 ամսականում: Փաստորեն, հղի կինը երկու ամսվա ընթացքում երկու անգամ քիմիաթերապիա է ստացել: Պողոսյանը պնդում է, որ երեխան ծնվել է առողջ, տարիներ անց կինը կարող է նույնիսկ երկրորդ երեխան ունենալ:
Մանրամասները՝ Azatutyun.am-ում: