
Խաչիկ Ավետիսյանն այսօր փոխել է բողոքի անցկացման վայրը, ուր նրան կմիանան նաև այլ համախոհներ

Քիչ առաջ «Արդարության մարտիկներ» շարժման ներկայացուցիչները հայտնեցին, որ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն այսօրվանից իր կողմից հայտարարված անժամկետ հացադուլը շարունակում է Ազատության հրապարակում, որտեղ ժամը 15.00-ին նրան կմիանան նաև հանրապետության տարբեր մարզերի, ջոկատների հրամանատարներ և ազատամարտիկներ՝ հայտարարություն անելու նպատակով:
Հիշեցնենք, որ ազատամարտիկն իշխանություններից պահանջում է ազատ արձակել, իր բնորոշմամբ, բոլոր քաղբանտարկյալներին՝ 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանին, խուլիգանության մեջ մեղադրվող ու 1-7 տարվա ազատազրկման դատապարտված Շանթի ընկերներին, խարդախության մեղադրանքով՝ 6 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, և «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման կալանված ակտիվիստներին։ Ազատամարտիկը մտադիր է համախմբել հասարակության տարբեր շերտերին, ի վերջո, իշխանափոխության հասնելու համար։ Սակայն ինքն ու իր համախոհները իշխանության գալու մտադրություն չունեն։