Մայիսի 9-ին միջոցառումներ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ՝ վարչական բոլոր շրջանների կենտրոնական հատվածներում և համապատասխան հուշարձանների հարակից տարածքներում տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների՝ արդեն ավանդական դարձած այցերի կազմակերպման և ժամկետների հստակեցման նպատակով քննարկումներ են իրականացվել համապատասխան կառույցների հետ: Ըստ այդմ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, առավել նպատակահարմար է դիտարկվել այցը կազմակերպել հունիսի առաջին տասնօրյակում: Քաղաքապետը հանձնարարել է հավուր պատշաճի նախապատրաստվել հերթական այցի կազմակերպմանն ու պարբերաբար զեկուցել ընթացքի մասին:
Քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով բարձրացվող խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստացվել է 199 հեռախոսազանգ: Ներկայացված 140 հարցերի տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ, իսկ մնացած 59-ը կատարման ընթացքում է:
Երևանի քաղաքապետարան