Շառլ Ազնավուրն ասել է` մենք միասին ծիծաղում ենք, իսկ ուրիշների մոտ` լրջանում
«Թումո» կենտրոնում կազակերպված երաժշտական հանդիպման ժամանակ՝ հարցին, թե արդյո՞ք մելամաղձոտ են հայկական երգերը, հավաքված երաժիշտներից յուրաքանչյուրն իր կարծիքն ուներ: Լիլիթ Պիպոյանն ասաց, որ այդ մելամաղձոտ շերտից պետք չէ ամաչել և դա էության մաս է կազմում:
Սերժ Թանգյանն այն կարծիքին էր, որ մեր մելամաղձոտությունը նույնիսկ տարբեր է տարածաշրջանի ժողովրդի երգերի մելամաղձոտությունից, ինչին ի պատասխան Լիլիթ Պիպոյանն ասաց` Սերժ, բայց քո երգերը մելամաղձոտ չեն, էներգետիկ են և ճեղքող, իսկ Տիգրան Մանսուրյանն էլ ասաց, որ՝ այո՛, մելամաղձոտությունը կա, բայց փոխարենը մենք ունենք նաև ուրախ և լուսավոր երգեր:
Տիգրան Մանսուրյանն այս առիթով հիշեց տարիներ առաջ Փարիզում Շառլ Ազնավուրի ասած խոսքերից մեկը, թե՝ երբ հայերը հավաքվում են իրար գլխի, ուրախանում և ծիծաղում են, իսկ երբ ուրիշների հետ պիտի խոսեն, լրջանում են:
Տիգրան Մանսուրյանը վերաձևակերպելով Ազնավուրի այս խոսքերը, ասաց. «Մենք սիրում ենք լուրջ երևալու համար տխուր լինել» և իբրև ուրախության նշան երգեց հատվածներ «Հոյ նազան» և «Սոնա յար» ուրախ երգերից: