Ֆրանսիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է. Panorama.am
Panorama.am-ը գրում է. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած պատվիրակությունը այսօր վաղ առավոտյան ժամանեց Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին: Օդանավակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձիք:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը դեռևս 2014 թվականին Հայաստան կատարած այցի ընթացքում էր ընդունել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ 2015 թվականին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Ֆ. Օլանդն ասել էր, որ Ֆրանսիան իր ամենաբարձր մասնակցությունն է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
«Դա մեր համերաշխության խոսքն է մի ազգի նկատմամբ, որ այդքան ծանր ցավեր է տարել: Միաժամանակ աշխարհին նվիրված խոսք է, որպեսզի այդպիսի սարսափելի ջարդեր, եղեռներ, ցեղասպանություններ չկրկնվեն: Դա մեր, մեր երկրի պատասխանատվությունն է, որպեսզի այսպիսի խնդիրներ չստեղծվեն»,- իր խոսքում նշել էր Ֆ. Օլանդը:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանիեն այս տարվա մարտի 23-ին հայտարարել էր, որ Ֆրանսիայի ղեկավարի այցը ունի երեք ուղերձ՝ հիշողություն, հարգանքի տուրք զոհերի հիշատակին և պատասխանատվություն, որ ապագայում նման սարսափելի դեպքեր այլևս տեղի չունենան: