
Ծանր հանցագործության վերաբերյալ գործը ուղարկվել է ՀՔԾ

2014թ. հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ` 2014թ. հունիսի 12-ին կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Տիտալ Ա.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս, իսկ Խանե Շ.-ի առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի առթիվ:
Նախաքննության ընթացքում Տիտալ Ա.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար Ռոստոմ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Տիտալ Ա.-ի կողմից Խանե Շ.-ին ծեծելու և Միրզա Ա.-ին սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ որոշում է կայացվել նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար դիմողների բողոքի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ Ռոստոմ Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում է կայացվել այն պատճառաբանությամբ, որ վերջինս գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում:
Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նախկինում կայացված որոշումը վերացվել է:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն