Չինական վարժարանի նախագիծն իրականություն է դառնում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի ծրագրի աշխատանքային խմբի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև աշխատանքների իրականացման ընթացքին հետևելու նպատակով Երևան ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության գործադիր բյուրոյի ղեկավարը:
Աշխատանքային խումբը նախարարին տեղեկացրել է, որ ավարտական փուլում են դպրոցի նախագծային աշխատանքները, զուգահեռաբար ընթացքի մեջ են տարածքում գտնվող նախկին դպրոցի շենքի ապամոնտաժման աշխատանքները, այժմ նախապատրաստվում է կառուցապատման ծրագրի պայմանագիրը, որը կողմերը կվավերացնեն առաջիկայում:
Կարևորելով չինական դպրոցի ծրագրի նշանակությունը՝ կրթության, մշակույթի ոլորտում հայ-չինական հարաբերությունենրի ամրապնդման տեսանկյունից, նախարար Ա. Աշոտյանը գուհունակությամբ արձանագրել է, որ չինական կողմը հետևողականորեն իրագործում է ստանձնած պարտավորությունները: Միաժամանակ նախարարը հավաստիացրել է, որ հայկական կողմը ևս աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջացած բոլոր խնդիրներին պատրաստ է օպերատիվ լուծումներ տալ:
Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է համատեղել ջանքերը, որպեսզի չինարենի խորոցված ուսուցմամբ վարժարանի կառուցապատման աշխատանքները մեկնարկեն հնարավորինս սեղմ ժամկետներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նախագծի տեխնիկական և կազմակերպչական այլ հարցերի:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն