Ամենամտահոգիչը ԵՏՄ անդամ երկրների բացակայությունն է. Ալեքսանդր Արզումանյան
«Մրցակցության մեջ մտնելը ճիշտ չէ, թե ով Գալիպոլի կգնա, ով Երևան կգա: Դիմել ենք, ով ինչ մակարդակով նպատակահարմար է գտնում, գալիս է: Կարևորը մասնակցությունն է և բոլորին մի տեղ հավաքելը շատ դժվար է: Ամենամտահոգիչը ԵՏՄ անդամ երկրների բացակայությունն է: Ոչ միայն բացակայութունը, այլ նաև Լուկաշենկոն գալիս է Թիֆլիս, որտեղից 4 ժամում մեքենայով նույնիսկ կարող է գալ Երևան, բայց անտեսում է: Մենք աշխարի հզորներից որևէ բան ենք պահանջում, բայց ՀԱՊԿ անդամ որևէ երկիր Ցեղասպանության հարցով չի արտահայտվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ Ցեղասպանության միջոցառումներին գալիս է ընդամենը 4 երկրի նախագահ, իսկ ԵՏՄ-ից միայն ՌԴ նախագահն է լինելու:
Խոսելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարության մասին՝ Ա.Արզումանյանը նշեց, որ այժմ գործընթաց է գնում, ճնշում կա Թուրքիայի վրա, Հռոմի Պապը և նման մարդիկ կատարվածը Ցեղասպանություն են որակում, Թուրքիայի գործընկեր Գերմանիան է Ցեղասպանություն որակում, ԵԽ-ն է բանաձև ընդունում: Ա.Արզումանյանի խոսքով՝ այս ճնշումների ազդեցության տակ Թուրքիան փորձում է հակաքայլեր անել, ոչ ադեկվատ է ստացվում, բայց նպաստում է հակառակ պրոցեսին և այս հայտարարություններով օգնում է հայկական կողմին է՛լ ավելի ճիշտ ներկայացնելու իրականությունը: