Քաշաթաղում խաչքար է օծվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Երեկ՝ ապրիլի 20-ին Քաշաթաղի շրջանի հարավային Վան գյուղում տեղի է ունեցել Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի օծում, որը կատարվել է Կապանի հոգևոր հավիվ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու քահանա Տեր Վահան Հեբոյանի ձեռամբ:

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ օծման արարողությունն սկսելով Տերունական աղոթքով հոգևոր հայրը ջրով և կարմիր գինով լվացել ու օծել է բազալտե խաչքարը:

Վանի գյուղական համայնքի ղեկավար Յուրա Եղյանը տեղեկացրել է, որ խաչքարը կանգնեցվել է 3 տարի առաջ, ՀՀ Վայոց Ձորի Մարզի Թառաթումբ գյուղից ռուսաստնաբնակ բարերար Հուսիկ Մարկոսյանի մեկենասությամբ:

Հոգևոր հոր կողմից կատարված արարողությունից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել խաչքարի մոտ, մոմեր վառել՝ ի հիշատակ 100-ամյա մեր մեծ ցավի անմեղ զոհերի:

Այնուհետև ելույթներով և հայրենասիրական երգերով հանդես են եկել դպրոցի սաները: Յու. Եղյանը իր խոսքում ասել է , որ խաչքարի մոտ նախատեսված է կառուցել նաև մատուռ՝ ավելացնելով, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հանձնարարականով արդեն պատրաստ է մատուռի նախագիծը, և մոտակա ժամանակներում կսկսվի շինարարությունը:

«Տարածքը դառնալու է սրբավայր, և Հայոց բանակ մեկնող մեր տղաներն այստեղից են ճանապարհվելու, նաև նորապսակների օրհնման արարողությունն է այստեղ կատարվելու»,-ասել է Յու. Եղյանը:

Նույն օրը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին 100 սոսիներ են տնկվել Վանի հարևան Ալաշկերտ գյուղում, ինչպես նաև ծառատունկ է կատարվել Իշխանաձոր համայնքում՝ Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում, և Իշխանաձոր-Որոտան ճանապարհի եզրին տնկվել են ընկուզենիներ և արծաթափայլ բարդիներ:

Բացի ծառատունկից, Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ալաշկերտ գյուղի արևմտյան կողմի բլրակներից մեկի վրա կանգնեցվել է մոտ 6 մ բարձրությամբ երկաթե խաչ, որի մեջ վառվող լույսերի շնորհիվ այն երևում է գիշեր թե ցերեկ։

Միջոցառմանը ներկա էին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, Վան և հարևան համայնքների ղեկավարներ, բնակիչներ, հյուրեր։

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս