Սպիտակում վթարից զոհված 20-ամյա զինծառայողն ունեցե՞լ է պահանջվող վարորդական իրավունքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի մահացած վարորդ Արտյոմ Թորոսյանի հոր՝ Գերասի Թորոսյանի հետ: Նա ասաց, թե դեռ վաղ է որեւէ մեկի հասցեին մեղադրանք հնչեցնելը, առայժմ սպասում է քննության ավարտին: Ո՞րն էր վթարի պատճառը, արդյո՞ք ժամկետային զինծառայողը վարորդի ոչ բավարար հմտություն է ունեցել, թե՞ մեքենան է եղել անսարք վիճակում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մահացած զինվորի հայրը՝ Գերասի Թորոսյանը, պատմեց, որ իր որդին 6-րդ դասարանից վարորդ է եղել եւ լավ տիրապետել է վարորդական հմտություններին.

«Բանակ գնալու առաջին օրից վարորդ է եղել, եւ որեւէ խնդիր չէր կարող առաջանալ իր հմտությունների մասով»: Իսկ ի՞նչ տեսակի վարորդական իրավունք ուներ մահացած 20-ամյա զինվորը: «Ժողովուրդ»-ի այս հարցին հայրը պատասխանեց. «Որդիս ուներ B, C, եւ եթե չեմ սխալվում՝ D կարգի վարորդական իրավունք, բայց դա հստակ չեմ հիշում: Մի խոսքով, իրեն օրենքով հասնում էր այդ տեսակի մեքենա վարելը»: Ըստ հոր` իրեն պատմել են, թե վթարի պատճառը մեքենային ամրակցված հրանոթն է եղել.

Ըստ ՀՀ «Ճանապարհային երթեւեկության կանոնների մասին» օրենքի՝ հրանոթով ամրակցված բեռնատար «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա վարելու համար անհրաժեշտ է ունենալ E կարգի վարորդական իրավունք: Իսկ ունեցել է արդյո՞ք այս կարգը մահացած զինծառայողը, թե ոչ, կպարզի ՀՀ քննչական կոմիտեն»:

 

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս