Ծառուկյանը «Փարավոն» խաղատուն է հրավիրել գործարարությամբ զբաղվող աբովյանցիներին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրությունների օրը շարունակում է անորոշ մնալ, բայց նախընտրական քարոզարշավը գնում է ամբողջ թափով: Հնարավոր է, որ ընտրությունների օրը իշխանության եւ մասնավորապես մարզպետ Կարո Գուլոյանի կողմից հետաձգվում են հատուկ մեկ թեկնածուի՝ Վահագն Գեւորգյանի համար, որպեսզի նրան սատարող ուժերն ավելի մեծ ժամանակ ունենան քարոզարշավը կազմակերպելու համար:
Վահագն Գեւորգյանը համարվում է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի թեկնածուն, եւ դրա ամենավառ ապացույցը աբովյանցիները համարում են այն, որ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոն անձամբ է զբաղվում նրա անվտանգության կազմակերպմամբ, ինչը աբովյանցիները համարում են հատուկ վերաբերմունքի դրսեւորում:
Քաղաքականությունից իբր թե հեռացած Ծառուկյանը իրեն պատկանող «Փարավոն» խաղատուն է հրավիրում գործարարությամբ զբաղվող աբովյանցիներին եւ նրանց առաջարկում քվեարկել Գեւորգյանի օգտին: Գեւորգյանի քարոզչությանն է լծված նաեւ Աբովյանի նախկին քաղաքապետ, ներկայումս Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը, ով ըստ աբովյանցիների՝ գրեթե ամեն օր իր նախկին՝ քաղաքապետի աշխատասենյակ է հրավիրում Աբովյանի դպրոցների, մանկապարտեզների եւ մարզպետարանի ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներին եւ նրանց հրահանգում, որ աշխատեն Վահագն Գեւորգյանի օգտին:
Արդյոք մարզպետ Գուլոյանը իր այս գործունեությունը համաձայնեցրե՞լ է իշխանության հետ, թե՞ դա անում է բացառապես իր աներոջ՝ քաղաքականությունից իբր թե հեռացած, բայց իրականում քաղաքականությանը անմիջականորեն մասնակցող Գագիկ Ծառուկյանի հետ՝ դժվար է ասել, քանի որ ՀՀԿ-ն, որպես իշխանության միակ կրող ուժ, Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հարցում որոշում չի կայացրել:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։