«Մենք բոլորս միասին պետք է պահենք ու պահպանենք մեր քաղաքը». Տարոն Մարգարյան
Երևանում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում նոր տնկիներով են համալրվել նաև մայրաքաղաքի այգիները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծառեր է տնկել նաև նախորդ տարի ամբողջությամբ վերակառուցված Հայաստանի Ամերիկյան համալսարանի հարակից այգում: Ծառատունկին մասնակից արաբկիրցիները, առանձնակի կարևորելով վերջին տարիներին մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված ծրագրային քաղաքականությունը, օգտվելով առիթից, մեկ անգամ ևս շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ այգին վերակառուցելու և այն իրենց համար իսկապես լիարժեք հանգստի գոտի դարձնելու համար: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ առաջիկա տարիներին շարունակվելու են մայրաքաղաքի հանգստի գոտիների վերակառուցմանն ու ավելացմանն ուղղված ծրագրերը: Տարոն Մարգարյանը նաև հորդորել է մաքուր պահել մայրաքաղաքն ու իսկական տանտիրոջ պես վերաբերվել Երևանին:
«Քաղաքային իշխանությունն, անշուշտ, իր վրա է վերցրել ինչպես մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման ու պահպանման, այնպես էլ մաքրության խնդիրը: Բայց այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է նաև երևանցիների ակտիվ մասնակցությունը: Իհարկե, հաճելի է արձանագրել, որ համաքաղաքային այս միջոցառումներին մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Օգտվելով առիթից՝ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեծ սիրով դարձել են համաքաղաքային ծառատունկի ու շաբաթօրյակի անմիջական մասնակիցը: Ակնհայտ է, որ մենք բոլորս միասին պետք է պահենք ու պահպանենք մեր քաղաքը: Համոզված եղեք, որ մեր ծրագրերը լինելու են շարունակական, և ես վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք ոչ ուշ ապագայում կունենանք բոլորիս երազած կանաչապատ, ծառերով հարուստ ու մաքուր Երևանը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարան