Ինչ են քննարկել Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը

Ապրիլի 8-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Ռուսաստան պաշտոնական այցելության երկրորդ օրը:   ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված ձևաչափով:

Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը քննարկեցին Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:  Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։  Նախարարները, անդրադառնալով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին, գոհունակությամբ նշեցին, որ հայ-ռուսաստանյան համագործակցությունը վերընթաց զարգացում է ապրում:  Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև փոխգործակցությունը, ԱԳՆ-ների միջև անցկացվող պարբերական խորհրդատվությունների օրակարգը:

Ուշադրության կենտրոնում էին ՄԱԿ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։  Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովն անդրադարձան երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին։  Բանակցությունների օրակարգում էին ռազմական և ռազմատեխնիկական փոխգործակցության հարցերը։  Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերակատարությանը և առաջիկայում կայանալիք նիստի նախապատրաստական աշխատանքներին։

Նախարարները մտքեր փոխանակեցին մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության հարցերի բնագավառներում փոխգործակցության շուրջ՝ արձանագրելով, որ այդ ոլորտներում ակտիվ շփումներ են իրականացվում։  Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան, տրանսպորտը, հանքարդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, բանկային ոլորտը, գյուղատնտեսությունը։

Նախարարները համակարծիք էին, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում՝ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման համար։  Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ:

Հատուկ անդրադարձ արվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը։  Զրուցի ընթացքում անդրադարձ արվեց Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և այդ համատեքստում՝ քրիստոնյաների իրավունքների պաշտպանության հարցերին։

Հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների մամլո ասուլիսը, որից հետո Սերգեյ Լավրովը պաշտոնական ճաշ տվեց Էդվարդ Նալբանդյանի պատվին։  Ռուսաստան պաշտոնական այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ռուսաստանի Պետական դումա, որտեղ հանդիպեց Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի և Հայաստանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վերահաժողովներում ռուսաստանյան պատվիրակություններում ընդգրկված պատգամավորների հետ։

ՌԴ Պետդումայի ղեկավարը, ջերմությամբ վերհիշելով մեկ շաբաթ առաջ Երևան կատարած իր այցելությունը, ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները արդյունավետորեն համագործակցում են և իրենց նպաստը բերում միջպետական հարաբերությունների ընդլայնման գործում։  Հայաստանի արտգործնախարարն ու Ռուսաստանի Պետական դումայի ղեկավարը քննարկեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս