«ՀՀ կառավարությունը ձեռնպահ կմնա որևէ հայտարություն անելուց, որովհետև հետաքննություն է գնում». Հովհաննես Մանուկյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը, որ հնարավորություն ունի հանդիպելու գլխավոր դատախազին, հետևո՞ւմ է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործին:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ի պատասխան հայտարարեց, թե կառավարությունն իրականացնում է այն լիազորությունները, որոնք օրենքով սահմանված են, և չի կարող քրեադատավարական կարգին միջամտել:
«ՀՀ կառավարությունը ձեռնպահ կմնա որևէ հայտարություն անելուց, որովհետև հետաքննություն է գնում»,- ասաց նախարարը:
Զ.Փոստանջյանը նշեց, որ ամբողջ հանրապետությունը սպասում էր, թե երբ է գլխավոր դատախազը դիմելու իր ռուս գործընկերոջը՝ Պերմյակովին վերադարձնելու համար, բայց մինչև հիմա հայտնի չէ՝ դիմե՞լ է թե՞ ոչ. «Դուք որևէ միջոց ձեռնարկելո՞ւ եք, որ հայ-ռուսական պայմանագրերը վերականգնվեն: Իրավապահ մարմինները անգործության են մատնվել՝ չձերբակալելով Պերմյակովին»:
Հ.Մանուկյանը հայտարարեց, թե ՀՀ իրավապահներն անգորության մատնված չեն, անում են ամեն ինչ, որ ՀՀ քաղաքացիներն իրավունքները պաշտպանվեն: Նա նշեց, որ պատգամավորը շուտով հնարավորություն կունենա, որ հարցերը ուղղի գլխավոր դատախազին: