Բաժիններ՝

Հսկայական գումար է հատկացվել՝ պետական ծառայողներին բնակարան հատկացնելու համար. Զարուհի Փոստանջյան

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ անցած տարի կառավարությունը հսկայածավալ գումար է հատկացրել` պետական ծառայության մեջ գտնվող մարդկանց, այդ թվում գլխավոր դատախազի տեղակալի, ֆինանսների նախարարության աշխատակիցների և այլոց բնակարան տրամադրելու համար: Ըստ նրա՝ պետական ծառայության մեջ գտնվող առնվազն 28 անձանց մոտ 117 հազար դոլար արժողությամբ բնակարան է տրամադրվել:

Զ.Փոստանջյանը նշեց, որ այս բնակարանները գնվել են երկու ընկերություններից՝ առանց մրցութային կարգի. «Ինչո՞ւ ընտրվեցին այս անձինք. բոլորը ներկայացնում են իրավապահ մարմիններին, այլ ոչ թե հաշմանդամություն ունեցող ՊՆ աշխակիցների: Ի դեպ, այդ անձինք, որ ստացել են բնակարան, բարեկեցիկ են ապրում և ունեն սեփականություն և կարիք չունեն»:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ բնակարանների ձեռբերումը կատարվել է գնումների ընթացակարգի համապատասխան, թափանցիկ գործընթաց է, որին կարող է հետևել նաև Զ.Փոստանջյանը: Թե ինչո՞ւ է այդ կազմը, Գ.Խաչատրյանը նշեց, որ եթե ուրիշները լինեին, նույն հարցը կրկին կառաջանար: Ըստ նրա՝ սոցիալական փաթեթը պետական կառավարչական մարմիններում հակակոռուպցիոն բնույթ ունի: Նա հավաստաիացրեց, թե բնակարաններն ըստ անհրաժեշտության են հատկացվել՝ ծառայության օրենքներին համապատասխան:

«Այս անձինք վերջին աղքատները չեն, այս համատարած աղքատության պայմաններում, երբ մարդիկ իսկապես չունեն օթևան, նման անձանց այսպիսի թանկարժեք բնակարան տալն անհասկանալի: Պետք էր մրցույթ հայտարարել, մենք չգիտենք ինչ կոռուպցիոն գործընթաց է»,- հակադարձեց Զ.Փոստանջյանն ու հավելեց, որ բնակարանները ձեռք են բերվել «Միկշին» և «Միկմետալ» ընկերությունից, որ հայտնի չէ, թե ովքեր են: Նա ենթադրեց, թե հավանաբար կառավարության որևէ պաշտոնյայի ՍՊԸ-ներ են:

«Գնումների խախտում չկա, կարող էին այլ ընկերություններ էլ մասնակցել»,- կրկնեց Գ.Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս