ՄԻՊ-ը՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունների մասին
«Մտահոգված լինելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալություններով` ուշադրության կենտրոնում ենք պահում դրանց շուրջ զարգացումներն ու իրավական գործընթացները:
Ապրիլի 7-ին` առավոտյան 9:30-ի սահմաններում, ահազանգ է եղել Օմբուդսմենի թեժ գծին, որ խուզարկություն է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Ղուկասյան 7 հասցեում: Պաշտպանի ներկայացուցիչները գնացել են դեպքի վայր և Պաշտպանի լիազորությունների շրջանակում միջամտել գործի ընթացքին: Նույն օրը` ժամը 12:00-ին, Օմբուդսմենի Արագ արձագանքման վարչության աշխատակիցներն այցելել են Քննչական կոմիտե, առանձնազրույցներ ունեցել Ժիրայր Սեֆիլյանի,Կարո Եղնուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Թորոս Սեֆիլյանի և Գեւորգ Սաֆարյանի հետ: Պաշտպանի աշխատակիցների միջամտությամբ Թորոս Սեֆիլյանին վերադարձվել է ավելի վաղ քննիչների կողմից վերցված անձնագիրը:
Երեկոյան ժամը 20:00-ին Օմբուդսմենի թեժ գծին զանգահարել է փաստաբան Տիգրան Եգորյանը և հայտնել, որ Քննչական կոմիտեի աշխատակիցներն իրեն չեն թույլատրում տեսակցել իր վստահորդ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Արամ Հակոբյանի հետ:
Օմբուդսմենի Արագ արձագանքման վարչության աշխատակիցները գնացել են Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչություն, տեղում ծանոթացել իրավիճակին և առաջարկել են թույլատրել փաստաբանին տեսակցելու իր վստահորդին: Արդյունքում, Տիգրան Եգորյանին ներգրավել են որպես պաշտպան, և նա կարողացել է հանդիպել իր պաշտպանյալին:
Այսօր մեր աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր, հանդիպել Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գարեգին Չուքասզյանի, Արամ Հակոբյանի,Գևորգ Սաֆարյանի հետ, ինչպես նաև առանձնազրույց են ունեցել երեկ հացադուլ հայտարարած Պավել Մանուկյանի հետ: Ձերբակալվածները տեղեկացրել են, որ իրենց նկատմամբ բռնություն չի կիրառվել:
Մենք մեր լիազորությունների շրջանակում հետևողականորեն աշխատելու ենք, որպեսզի նշված գործերով ևս կատարվեն օրենդսրության պահանջները և պաշտպանվեն ձերբակալվածների իրավունքները: Ակնկալում ենք օբյեկտիվ, թափանցիկ և բազմակողմանի քննություն»:
Կարեն Անդրեասյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան