Բաժիններ՝

UWC Դիլիջան քոլեջում համերգով հանդես եկավ Կոմիտասի անվան լարային քառյակը

UWC Դիլիջան քոլեջում ապրիլի 7-ի երեկոյան համերգով հանդես եկավ Կոմիտասի անվան լարային քառյակը՝ շարունակելով քոլեջում մեկնարկած համերգների շարքը, որը կազմակերպել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն ու UWC Դիլիջան քոլեջը:

Այս անգամ եւս համերգն ունկնդրելու էին եկել ոչ միայն քոլեջի ուսանողներն ու դասախոսական կազմը, այլեւ Դիլիջան քաղաքի ուսումնակրթական, համայնքային այլ հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքի երիտասարդ բնակիչներ:

Քառյակը ներկայացրեց ինչպես Կոմիտասի, այնպես էլ հայ եւ աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների գործերը՝ ունկնդիրներին դասական երաժշտության երեկո պարգեւելով: Ելույթներն ուղեկցվում էին երաժշտագետ Նոնա Ոսկանյանի մեկնաբանություններով:

idea2

idea

«UWC Դիլիջան քոլեջում համերգների այս շարքի ընթացքում մենք փորձեցինք հնարավորինս տարբեր ժանրեր ներկայացնել՝ ջազ, էթնիկ եւ ժամանակակից երաժշտություն, իսկ այսօր՝ դասական: Մեր այս նախաձեռնությունը նպատակ ուներ ցույց տալ, որ Դիլիջանը նույնպես մշակութային միջոցառումների անցկացման հետաքրքիր վայր կարող է լինել եւ դրա համար մեծ ներուժ ունի»,- ընդգծեց IDeA հիմնադրամի տնօրենի տեղակալ Սերգեյ Թանթուշյանը:

«Մենք ուրախ էինք հյուրընկալել հայ հայտնի կատարողների, այս երեկո՝ Կոմիտասի անվան լարային քառյակին եւ նրանց կատարմամբ ունկնդրել ինչպես ազգային, հատկապես՝ Կոմիտասի երաժշտությունը, այնպես էլ արեւմտյան դասական երաժշտություն: Հուսով ենք, որ ապագայում եւս համերգների շարք կունենանք, որը կնպաստի քաղաքի մշակութային կյանքի ակտիվացմանը, եւ հնարավորություն կընձեռի, որ մարդիկ այցելեն քոլեջ՝ երաժշտություն վայելելու»,- նշեց դպրոցի տնօրեն Ջոն Փադըֆութը:

Հիշեցնենք, որ UWC Դիլիջան քոլեջում կազմակերպված համերգների շարքի շրջանակում ելույթներով հանդես էին եկել նաեւ «Կոլեկտիվ մեծ բազար» խումբը եւ հայտնի ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը:

Գործարար եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանի եւ  նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնադրված «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալտնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատևումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթևի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս