Լ.Զուրաբյանը՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին բերման ենթարկելու մասին

«ՀԱԿ-ը բազմիցս հայտարարություններ արել է ռեժիմի կողմից մարդկանց սահմանադրական իրավունքների խախտման վերաբերյալ, այդ թվում նաև ցույցեր կազմակերպելու, խոսքի ազատության և այլն, այդ թվում նաև հայտարարություններ, որոնք վերաբերել են Հիմնադիր խորհրդարանի գործունեությանը՝ Բերձորի, Գյումրիում դանակահարման դեպքերին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների տներում խուզարկությունների և շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի բերման ենթարկման փաստերը:

Լ.Զուրաբյանը նշեց, որ նոր է իմանում դեպքերի մասին և դժվար է անմիջապես գնահատական տալը, բայց ակնհայտ է, որ սա տեղավորվում է նույն շղթայի՝ հետապնդումների, սահմանադրական իրավունքների խախտման շղթայի մեջ: Նա նշեց, որ ավելի մանրամասն հստակ գնահատական կտա ուսումնասիրելուց հետո: Ամեն դեպքում, ըստ Զուրաբյանի, սա ուղղված է ընդհանրապես ընդդիմության և տվյալ դեպքում «Հիմնադիր խորհրդարանի» դեմ:

Հարցին, թե արդյոք Քննչական կոմիտեն, տարածած հաղորդագրության մեջ բարոյականության մասին նշելով՝ չի՞ գերազանցել իր իրավասությունները, Լ.Զուրաբյանը պատասխանեց, որ ոստիկանությունն իրեն քանի տարի շարունակ թույլ է տալիս շտկումներ կատարել ցուցարարների կարգախոսների, պաստառների վերաբերյալ. «Սա ցույց է տալիս իրենց իրավական մտածողության մակարդակը, նրանք իսկապես մտածում են, որ քննիչը, ոստիկանը կարող  է բարոյական դատողություն անել ծրագրերի, կարգախոսների վերաբերյալ, որն, իհարկե, աբսուրդ է և իսկապես ֆունդամենտալ սահմանադրական ազատությունների ոտնահարում»:

Տեսանյութեր

Լրահոս