Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և ՀՀ Նախագահի 1999թ. հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Ըստ այդմ.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը և ժամկետները՝ համաձայն 1-ին հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն 2-րդ հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվական հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-351 հրամանագիրը:

3. Սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հրամանագիրն ստորագրելիս ՀՀ Նախագահը հիմք է ընդունել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը:
ՀՀ Նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս