Բաժիններ՝

Յոհանես Քրիստոֆեր Ֆրանցը՝ փախստականների և նրանց ապաստանի մասին

ՄԱԿ-ի փախստականների կոնվենցիայի և ՀՀ օրենսդրության միջև անհամապատասխանություն կա, որը նվազեցնում է քաղաքական ապաստան հայցողների պաշտպանվածությունը: Նման տեսակետ այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց  ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակտարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Յոհանես Քրիստոֆեր Ֆրանցը՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների քննարկման ժամանակ:

Այդ փոփոխություններով նախատեսվում է կատարելագործել օրենսդրությունն ու ընթացակարգերը՝ համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին:

«ՄԱԿ-ում հավատացած ենք, որ ցանկացած պետության մեջ ցանկացած օրենսդրություն պետք է բխի երկրի միջազգային պարտավորություններից»,- նկատեց ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ թարգմանության ժամանակ թույլ են տրվել անճշտություններ, որոնք պետք է ուղղել, այլապես իջնում է փախստականների պաշտպանվածության մակարդակը:

Հանձնաժողովը որոշեց նախագիծը դրական եզրակացությամբ ներառել ԱԺ ապրիլի 6-9-ի քառօրյա նիստերի օրակարգ, իսկ մինչև երկրորդ ընթերցում քննարկել և լրամշակել:

Նշենք, որ նախագծով միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնին տրվում է ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները սահմանելու լիազորություն: Մասնավորապես, բնակության ներքին կարգապահական կանոններն առնչվելու են կացարանի բնակիչների համակեցության հարցերին, նրանց հատկացված, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների ու գույքի խնամքով օգտագործմանը (խոհանոցներ, սանհանգույցներ և այլն), կենտրոնի տարածքում անդորրի, մուտքի և ելքի ժամկետների պահպանմանը և նմանատիպ այլ հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս