Բաժիններ՝

Համաշխարհային բանկը 52 միլիոն դոլարի վարկ է տրամադրում Հայաստանին

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր Հայաստանի «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ԷՀՑԲԾ) համար հաստատեց 52 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը: Նոր ծրագիրը կբարելավի էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը և համակարգի կառավարումը՝ օժանդակելով երկրում բավարար էլեկտրամատակարարում ապահովելու կառավարության ջանքերին:

Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման ազգային հայեցակարգում էլեկտրահաղորդման հիմնական ցանցի ակտիվների հիմնանորոգումը համարվում է երկրում էլեկտրաէներգիայի հուսալի մատակարարման նախադրյալ: Ծրագրի առաջին՝ «էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդում» բաղադրիչը, նպատակաուղղված է հիմնանորոգման տեսանկյունից ամենաբարձր առաջնահերթությունն ունեցող երկու հիմնական օբյեկտներին:

Աշնակ ենթակայանի հիմնանորոգումը, հիմնական սարքավորումների փոխարինման միջոցով, կօգնի կրճատել սարքավորումների խափանումների քանակը և տևողությունը՝ բարելավելով էլեկտրամատակարարման հուսալիությունը շուրջ 120000 էլեկտրաէներգիա սպառողների համար: Աշնակ ենթակայանը շահագործման է հանձնվել 1983թ. և այդ ժամանակվանից ի վեր որևէ լուրջ հիմնանորոգման չի ենթարկվել: Հուսալի էլեկտրամատակարարմամբ ապահովելու իմաստով ենթակայանը կարևոր է Հայաստանի արևելյան և հյուսիս-արևելյան շրջանների այնպիսի սպառողների համար, ինչպիսիք են օրինակ՝ կաթնամթերքի խոշոր ընկերությունը, ասֆալտի գործարանը և ադամանդի մշակման ու ոսկերչական զարդերի արտադրության գործարանը, որտեղ աշխատում է շուրջ 3500 մարդ:

Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի (Երևանի ՋԷԿ) ենթակայանի հիմնանորոգումը, որին բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալի 20 տոկոսը, կօգնի կրճատել սարքավորումների խափանումների հաճախականությունը: Իր ենթակայանի խափանման պատճառով ցանցից անջատվելու դեպքում երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարման ընդհանուր արժեքը զգալի կբարձրանա:  Ենթակայանը շահագործման է հանձնվել 1965 թ., և այդ ժամանակից ի վեր չի հիմնանորոգվել: Այդ պատճառով էլ, այն չափազանց կարևոր է երկրի բոլոր՝  1040000 էլեկտրաէներգիա սպառողներին էլեկտրաէներգիայի բավարար և ցածր արժեքով մատակարարումն ապահովելու համար:

Կարդացեք նաև

«Ներկայումս Հայաստանի էներգետիկ ոլորտի առջև ծառացել են մի շարք մարտահրավերներ, այդ թվում՝ մատակարարման համարժեքությունն և հուսալիությունը: Ընտրված ենթակայանների վրա ծրագրի կենտրոնացումը կբարելավի համակարգի  հուսալիությունը և ուղղակի նպաստավոր կլինի Հայաստանում էլեկտրաէներգիայի բոլոր սպառողներին»,- ասաց Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի տնoրեն Լորա Ի. Բեյլին: «Այն թույլ կտա խուսափել էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումների հաճախականության ավելացումից, ինչպես նաև դրան առնչվող զգալի սոցիալական և տնտեսական ծախսերից խուսափելու հնարավորություն»:

Երկրորդ՝ «էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավում» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է հիմնել կարգավարական պահուստային կենտրոն, որը կտա համակարգի կառավարումը բարելավելու հնարավորություն: Մասնավորապես, այն կարևորվում է հատկապես առաջնային կարգավարական կենտրոնի (Երևանի կենտրոնում գտնվող) տեխնիկական կամ այլ պատճառներով խափանման դեպքում շարունակական կառավարումը և վերահսկողությունը ապահովելու տեսանկյունից: Կարգավարական պահուստային կենտրոնը նման խափանման դեպքում կտա էլեկտրաէներգետիկ համակարգի վերահսկողությունը և կառավարումն անմիջապես վերականգնելու հնարավորություն:

«Հայաստանի էներգետիկ համակարգին անհրաժեշտ կլինի շուրջ 500 ՄՎտ գազով էլեկտրաէներգիա արտադրելու կարողություն՝ մինչև 2020 թ. մատակարարման կարողության ճեղքվածքի առաջացումը կանխելու համար»,- ասաց Համաշխարհային բանկի ծրագրի թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանը: «Էլեկտրաէներգիայի արտադրության նոր ծրագրի նախապատրաստումը սույն ծրագրի շրջանակում իրականացվելիք մյուս կարևոր միջոցառումն է: Կառավարությունը նախատեսում է կառուցել համակցված ցիկլով աշխատող գազային տուրբին, որի համար կպահանջվեն նախապատրաստական մի շարք աշխատանքներ, որոնց համար ֆինանսավորումը մատչելի չէ»:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 69.16 միլիոն ԱՄՆ դոլար, որից 17.16 միլիոն ԱՄՆ դոլարը կտրամադրի Կառավարությունը: Համաշխարհային բանկը կտրամադրի 52 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ վարկ, փոփոխական տոկոսադրույքով՝ 14.5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ընդհանուր ժամկետով:

1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր ընդհանուր առմամբ Հայաստանին տրամադրվել է 2,118.730 միլիոն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս