
Ասադը հայտնել է, թե որ դեպքում է պատրաստ հրաժարական տալ

Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» ենթադրյալ բազաների ռմբակոծությունների սկսվելուց հետո իսլամականների թիվը միայն ավելացել է: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը.
«Որոշակի գնահատականներով Սիրիայի տարածքում զինյալների շարքերն ամսական համալրվում են մինչև հազար նորակոչիկով: Դաշինքի ռմբակոծությունների արդյունքը տեղական նշանակության է: Նման իրավիճակ նկատվում է նաև Իրաքում ու Լիբիայում, ուր իսլամականները վերահսկում են զգալի տարածքներ»:
Ասադը հրաժարվել է կամովին հեռանալ, ինչպես որ նրան առաջարկել է ԱՄՆ-ը. «Դա նրանց գործը չէ: Կան Սիրիայի քաղաքացիներ, որոնք կարող են լուծել այդ հարցը: Ես հրաժարական կտամ, երբ չեմ ունենա հասարակական աջակցություն, երբ ես չեմ ներկայացնի սիրիական շահերն ու արժեքները»:
Ասադը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ երկխոսության: