Բաժիններ՝

Արդյո՞ք անկախական Աշոտ Նավասարդյանը կողմ կլիներ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը

Այսօր կլրանար ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի 65 տարին: ՀՀԿ-ական, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով մի շարք այլ հանրապետականների և Աշոտ Նավասարդյանի ընկերների ու հարազատների հետ այսօր Եռաբլուրում էր, լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀԿ հիմնադիր գործչի մասին՝ ասաց, որ Ա. Նավասարդյանը, լինելով նաև Անկախության բանակի գլխավոր հրամանատար, առաջիններից մեկն էր, որ եզրահանգեց, որ պետք է ստեղծվի կուսակցություն:

Հարցին՝ Ա. Նավասարդյանը նախագահ չդարձավ, բայց կդառնա՞ր, եթե ցանկություն ունենար, Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Նման հապշտապությունների ինքը երբեք չէր գնում, ու նաև մեզանից յուրաքանչյուրը: Այսինքն՝ որդեգրել ենք նաև դա: Առավել ևս, երբ Գերագույն խորհրդի ընտրություններ էին, փաստորեն, այդ ժամանակվա որոշումը հետևյալն էր, որ անպայման առաջադրվի, նույնիսկ այն կարծիքին էր, որ դա էլ անհրաժեշտ չէ, իսկ նախագահի թեկնածություն դրվեց, որովհետև քաղաքական բավականին լուրջ ճանապարհ էր անցել, որպեսզի այլընտրանքն անպայման լինի, և հնարավորություն ունենա կրկին անգամ անկախության գաղափարախոսությունը հասարակությանը ներկայացնել»:

Գ.Սահակյանի գնահատմամբ՝ Ա. Նավասարդյանը զուսպ անձնավորություն էր, «շատ բարեկիրթ, բարձր արժանապատվություն ուներ». «Նրան ոգևորված կամ բարկացած կտեսնեիք, եթե խախտումներ էին կատարվում իր տեսադաշտում կամ շրջապատում՝ անկախության գաղափարախոսության նկատմամբ կամ Հայաստանի կամ հայրենիքի նկատմամբ»:

168.am-ի հարցին՝ հաշվի առնելով, որ Աշոտ Նավասարդյանն անկախական էր, ըստ Ձեզ՝ նրա համար ընդունելի կլինե՞ր Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը, Գ. Սահակյանը պատասխանեց, որ, բնականաբար, ընդունելի կլիներ. «Մանավանդ՝ փորձառու քաղաքական գործիչները շատ լավ գիտակցում են, որ պետության մեկուսացումը նշանակում է՝ պետության կործանում: Այսօր համագործակցելով՝ մենք մեր օգուտներն ենք տեսել, և ԵՏՄ-ի անդամ երկրներն էլ նույն ձևով էլ իրենց շահերն են տեսնում: Այն մտածմունքները, որ հնարավոր է, որ մարդիկ այլափոխեն գաղափարախոսությունը և առանձին նեղ քաղաքական շահարկումներով ասեն, որ Հայաստանը կկորցնի իր անկախությունը, բնավ այդ խնդիրը չկա, ու բնավ որևէ պետություն չի ցանկանում, որ Հայաստանը միանա իրեն կամ անկախությունից զրկվի»: Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ ըստ Ձեզ՝ Ա. Նավասարդյանը դեմ չէ՞ր լինի, որ միանայինք ԵՏՄ-ին, Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Եթե պետություն ես և որևէ փոխհարաբերություններ չես ստեղծում, ուրեմն՝ դու պետություն չես, արդեն կործանվում ես: Ամենահզոր պետությունները նույնիսկ փոխշահավետ համագործակցություններում ինչ-որ մի բան զիջում են՝ ինչ-որ ավելի մեծ բան գտնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս