Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացատրել է Արևելյան Եվրոպայի երկրների կամքով
Կանադական Maclean’s պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը տեղի է ունենում ոչ թե դաշինքի նպատակամղված քաղաքականության պատճառով, այլ` նրա անդամներ դառնալու Արևելյան Եվրոպայի երկրների ցանկության պատճառով.
«Անկախ երկրները թակել են դուռը և ցանկացել են անդամակցում: Այդ ՆԱՏՕ-ն չէ, որ շարժվում է դեպի արևելք, այդ արևելքն է ցանկանում մտնել ՆԱՏՕ և/կամ ԵՄ: Եվ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավասու է ընդունել նման որոշումներ:
Սխալ է այն գաղափարը, որ այն ինչ կորցնում է Ռուսաստանը, ձեռք է բերում ԵՄ-ը: Յուրաքանչյուր ժողովուրդ իրավասու է ընտրել իր ուղին, և դա վերաբերում է անվտանգության համակարգի ընտրությանը: Դա հիմնարար սկզբունք է, որն ամրապնդված է Հելսինկյան ամփոփիչ ակտում, որը ստորագրել է նաև Ռուսաստանը:
Որևէ մեկին չեն հարկադրել դառնալ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամ, բոլորը, ովքեր միացել են ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, դա արել են սեփական ազատ ու ժողովրդավարական կամքով»: