Ջանում ենք Հայաստանի հետ կառուցել մեր հարաբերությունների ապագա իրավական գործիքը. Տրայան Հրիսթեա

«Հայաստանի հետ շարունակում ենք աշխատել հարաբերությունների հստակեցման ուղղությամբ»,- այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում Դեսպանական դասախոսությունների շարքի շրջանակում այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագային: Նա նշեց, որ իրենց հայաստանյան գործընկերների հետ ջանում են կառուցել, ուրվագծել, բանակցել, ավարտին հասցնել ապագա այն իրավական գործիքը, այն իրավական համաձայնագիրը, որը կարգավորելու է ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները:

Դեսպանը համոզված է, որ նոր Հարևանության քաղաքականությունն արտացոլելու է այն կարծիքները, փորձը, մոտեցումները, որոնք ունեն ԵՄ-ի հարևան և հարավային գործընկերները: Ըստ նրա` ԵՄ-ն պետք է զարգացնի գործընկերությունը հավասարության սկզբունքների վրա, ինչն էլ ԵՄ-ին տարբերակում է այլ ռազմավարական խաղացողներից, այդ հավասար գործընկերությունն ընդհանուր հետաքրքրությունների վրա է կառուցվում, միևնույն ժամանակ՝ ապահովելով համընդհանուր արժեքները:

Նա նշեց, որ փորձելու են փոխել նախկին փորձը, երբ հարաբերություններում ընդգրկվում էր չափազանց լայն օրակարգ, հարցեր, ոլորտներ: Հրիսթեայի համոզմամբ, պետք է հասկանալ, որ ԵՄ-ն չունի այդքան ռեսուրսներ, և միշտ չէ, որ ողջունվում է մոտեցումը, որ ԵՄ-ն պետք է լինի ամենուր և մշտապես:

«Ուստի անհրաժեշտ է կենտրոնանալ որոշակի ոլորտների վրա: Այն երկրները, որոնք պատրաստ են և ունակ են իրականացնելու Ասոցացման համաձայնագրերը, որոնք ստորագրվել են, շարունակելու են իրականացվել, եթե չկա Ասոցացման համաձայնագիր, ապա պետք է հստակեցնել, թե որտեղ են մեր ընդհանուր հետաքրքրությունները, և որտեղ, ինչի հիման վրա կարող ենք մեր ապագա հարաբերությունների համար կայուն հիմք ստեղծել: Ըստ էության, Հայաստանի դեպքում մենք ունեցանք հենց այդպիսի մի իրավիճակ Վիլնյուսում ԱլԳ գագաթաժողովի ժամանակ: Հայաստանի հետ մեր ընդհանուր ոլորտներն են՝ օրենքի իշխանությունը, լավ կառավարումը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, միևնույն ժամանակ՝ տնտեսական զարգացումը, էներգետիկան, շարժունակությունը, կապը, միգրացիան և անվտանգությունը: Սրանք են այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք, ըստ էության, աշխատել մեր գործընկերությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ասաց Տրայան Հրիսթեան:

Կարդացեք նաև

Վերջինիս համոզմամբ, կարևոր է նաև ճկունությունը, քանի որ իրենց   բոլորին անհրաժեշտ է ճկունություն: Ըստ նրա` ԵՄ երկրներն ու գործընկերները պետք է կարողանան ճիշտ արձագանքել փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակներին: «Իսկ որպեսզի արդյունավետ արձագանքներ լինեն մենք պետք է արդյունավետ օգտագործենք մեր գործիքները, այդ թվում՝ տնտեսական: Մեր արժեքները մեր միասնական հետաքրքրություններն են»,- նկատեց Հրիսթեան:

Տեղեկացնենք, որ դեսպանական դասախոսությունների շարքը Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է անցյալ տարվա աշնանը: Այն անդրադառնում է հետևյալ թեմաներին՝ Եվրամիություն-Հայաստան, ԵՄ-Հարավային Կովկաս, Արևելյան համագործակցություն, ԵՄ-Ռուսաստան կապեր:

Տեսանյութեր

Լրահոս