Մայր Աթոռը վարկային կազմակերպության «փայատեր» է. «Հրապարակ»
Թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, թե «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ինն է։ Ուսումնասիրելով այդ կազմակերպության կայքը՝ պարզեցինք, որ այս ընկերության 72.8% բաժնետերն «ԷԿԼՕՖ» հիմնադրամն է, իսկ այդ հիմնադրամը հիմնադրվել է Շվեյցարիայում։
Վարկային կազմակերպությունը գտնվում է Էջմիածնում, տրամադրում է զանազան վարկեր՝ սպառողական, խմբային, ձեռնարկատիրական էքսպրես և, որ ամենակարևորն է՝ եղեկեցական վարկեր։ Օրինակ՝ կազմակերպությունը տրամադրում է 200 հազարից մինչև 30 միլիոն ՀՀ դրամ վարկ՝ տարեկան 8 տոկոս կայուն տոկոսադրույքով։ Պետական ռեգիստրից էլ տեղեկացանք , որ վարկային կազմակերպության հիմնադիր «ԷԿԼՕՖ» հիմնադրամն ստեղծվել է «Հայաստանյան էկումենիկ եկեղեցական փոխատվական ֆոնդ» հիմնադրամի կողմից։
Այդ հիմնադրամի մասին էլ տեղեկություններ գտանք Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական կայքում։ Առաջնորդվելով «Քեզանից բան ուզողին տուր, քեզանից փոխ առնել կամեցողից երես մի դարձրու» սկզբունքով՝ 2002թ. Ժնևում Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամը, ըստ Մայր Աթոռի կայքի, շահույթ չհետապնդող, աջակցության քրիստոնեական կազմակերպություն է, որն առաջնորդվում է սոցիալական, հոգևոր, մշակութային և զարգացման նպատակներով, աջակցում է փոխատվության ծրագրերին՝ հասարակության զարգացման խթանման համար։
Հետաքրքիրն այն է, որ թե ՀԷԵՓՖ փոխատվական հիմնադրամի տնօրենը, թե «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության խորհրդի նախագահը Տիգրան Հովհաննիսյանն է, ով 2014 թվականից Մայր Աթոռի վարչական խորհրդի անդամ է։ Հիմնադրամի գլխավոր գրասենյակը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարարածքում՝ միջեղեկեցական մասնաշենքում, քանի որ տարածքը տրամադրվել է Ամենայն հայոց կաթողիկոսության կողմից։ Այսքանից հետո հարց է առաջանում՝ ինչպե՞ս է եկեղեցին տնօրինում շահույթ չհետապնդող հիմնադրամի կողմից ստեղծված վարկային կազմակերպությունից ստացված եկամուտները»։
Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։