«Հունվարի 1-ից ՀՀ-ից մեկնողները կարող են դյութիֆրի հնարավորությունից օգտվել, սակայն ԵՏՄ երկրներից ժամանելիս՝ ոչ». Վահե Էնֆիաջյան
Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը ԱԺ-ում:
«Բազմաթիվ ներքաղաքական և արտաքին խնդիրներ են առկա, որոնց կցանկանայի անդրադառնալ: Սակայն կարևորում եմ այն հարցերն ու խնդիրները, որոնք երկրի ներսում են տեղի ունենում: Մասնավորապես, «Նաիրիտ» գործարանի և նրա կոլեկտիվի հետ կապված իրարանցումները, քանի որ այդ խնդիրն արդեն տարիների պատմություն ունի և դեռևս ոչ մի լուծում չի ստանում:
Այսօր ևս մեկ անգամ այդ հիասթափված, բայց պահանջատեր քաղաքացիները հանդիպեցին ընդդիմադիր դաշտի պատգամավորների հետ, ակնկալելով, որ մեկ անգամ ևս Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից կբարձրաձայնեն իրենց խնդիրները և կհիշեցնեն պատկան մարմիններին, որ զբաղվեն իրենց խնդիրների լուծմամբ:
Նման խնդիրները հետաձգելով՝ ոչ մի լավ արդյունքի չենք կարող հասնել: Մեր երկրում ավելանում և հասունանում է դժգոհության մթնոլորտն ու արտագաղթի ճանապարհը:
Այս համատեքստում, պարտավորված լինելով մեր երկրի քաղաքացիների նկատմամբ, նրանց խոստում տալով մեկ անգամ ևս բարձրաձայնել իրենց խնդիրը, ակնկալում եմ, որ պատկան մարմիները խնդրին շուտափույթ լուծում կտան:
Եվ վերջում մեկ զավեշտալի դրվագ, որին չէի կարող չանդրադառնալ: Ինչպես գիտենք, օդանավակայաններում անմաքս գոտիներ կան, որոնք հասարակությանն ավելի հայտնի են դյութիֆրի անունով: 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանից մեկնողները կարող են դյութիֆրի հնարավորությունից օգտվել, սակայն ԵՏՄ երկրներից ժամանելիս նրանք այդ համակարգից չեն կարող օգտվել: Հետևությունները թողնում եմ ձեզ…»: